Մեղավոր չեք համարու՞մ ձեզ` բանակում մահերի թվի աճի համար. հարց՝ Պապիկյանին

Բանակում մահերի ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի24–ին, ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի թղթակցի հարցին, թե ինչու է բանակում այսպիսի իրավիճակ ստեղծվել, որ 10 օրում արդեն երեք մահ ունենք և արդյոք նախարարը չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ մենք այս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, կյանքը ու անցյալը, ու ընդհանրապես բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթադրում։ Բանակի ողջ պատմության ընթացքում ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքեր եղել են մշտապես, դրանք բարձրացել են, իջել են, օրինակ, 25 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել է մինիմալի՝ երկուսի։ Ես ընդամենը մի քանի վիճակագրական թվեր ներկայացնեմ. 2015 թվականին դեպքերի թիվը եղել է 7, բայց 2016 թվականին, հավանաբար ապրիլյան պատերազմից հետո, թիվը դարձել է 19։ Նույն նախարարն է աշխատել, նույն գլխավոր շտաբի պետն է աշխատել։

2017–ին թիվը դարձել է 13, սկսել է նվազել, 2018 թվականին՝ 12 դեպք, 2019–ին՝ 11 դեպք, ես խոսում եմ ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու և սպանության մասին։

Չեմ խոսում առհասարակ բանակում ինֆարկտից, մեքենայի վթարից և տարբեր բաներից մահացությունների մասին։

2020 թվականին՝ 10 դեպք, 2021–ին՝ 10, 2022–ին՝ 8, 2023–ին՝ 9, 2024 թվականին՝ 11, 2025–ին՝ 2, 2026–ին՝ 8։

Սա վիճակագրություն էր այն մասին, որ վերջին մեկ տասնամյակի ընթացքում այդ թվերը և ավելացել են և պակասել են։ Սրանք ունեն տարբեր պատճառներ։ Իհարկե, դեպքերի մի մասը ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք են։ Մի մասը քրեական ենթամշակույթի հետևանք են, ոչ միայն այսօր, նաև երեկ։ Սա մարտահրավեր է, որ միայն իմը չէ։ Ու անկախ նրանից, պաշտպանության նախարարը կլինեմ ես, թե այլ մարդ, սրան պետք է համակարգային մոտեցում։ Ես չպիտի խորշեմ լսել, որ դուք ներկայացնում եք ինչ-որ պրոբլեմ։ Այդ պրոբլեմի հետևից պիտի գնանք, դուք էլ, ես էլ»,–ասաց նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *