ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․ /ԱՌԿԱ/. «S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը, հայտնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը։
Վարկանիշին աջակցող հիմնական գործոնների շարքում գործակալությունն առանձնացնում է Հայաստանի խելամիտ և կանխատեսելի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական աճի բարենպաստ հեռանկարները, ինչպես նաև պետական պարտքի կառավարելի և կայուն մակարդակը։
Վարկանիշի «դրական» հեռանկարը պայմանավորված է Հայաստանի արտաքին դիմակայունության հետագա ամրապնդման ներուժով, մասնավորապես՝ տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրվող առաջընթացով։