ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սպառնացել է նոր և «ցավոտ» պատժամիջոցներ սահմանել այն երկրների դեմ, որոնք կհրաժարվեն խզել Իրանի հետ տնտեսական կապերը, սակայն առայժմ ձեռնպահ է մնացել ամենախիստ սահմանափակումների կիրառումից, որոնցով ավելի վաղ սպառնում էր Դոնալդ Թրամփի վարչակազմը։
«Մենք կարծում ենք, որ երկրների հետ փոխգործակցության լավագույն միջոցը լուռ դիվանագիտությունն է։ Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում յուրաքանչյուր երկրի հետ և նրանց ենք հասցնում մեր ակնկալիքները», — հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Մենք գիտենք, թե ովքեր են նրանք։ Նրանք էլ գիտեն, թե ովքեր են իրենք», — հավելել է նա։
Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու նոր փորձի շրջանակում Թրամփի վարչակազմը երկուշաբթի օրը հայտարարել է «Իրանի հետ կապված գործունեության» այն տեսակների ցանկի ընդլայնման մասին, որոնց համար ԱՄՆ-ը ապագայում կարող է պատժամիջոցներ սահմանել։
Բացի այդ, Վաշինգտոնը մտադիր է այլ պետությունների համար սահմանել հստակ ժամկետներ, որոնց ընթացքում նրանք պետք է դադարեցնեն Իրանի հետ տնտեսական հարաբերությունները։
Նոր պատժամիջոցային միջոցառումներն ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են թվային ակտիվները, տեխնոլոգիաները և նավագնացությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունում կարծում են, որ Իրանն օգտագործել է այս ճյուղերը՝ իր տնտեսությունը պահպանելու և միջազգային ճնշումը շրջանցելու համար։
Չնայած ավելի վաղ Բեսենթի կողմից հնչեցված՝ Իրանի համար «տնտեսական Դատաստանի օր» կազմակերպելու խոստմանը, ԱՄՆ-ն առայժմ չի կիրառել իր ամենածավալուն պատժամիջոցները։
Փոխարենը Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր է աշխատել «գործընկերների հետ ամբողջ աշխարհում», որպեսզի դադարեցնի Իրանի հետ կապված գործունեությունը։