ԱՄՆ-ը Սիրիայից հանել է ահաբեկչությունը հովանավորող պետության կարգավիճակը և չեղարկել «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ Պետական դեպարտամենտն այսօր չեղարկել է Սիրիայի՝ որպես ահաբեկչությունը հովանավորող պետության կարգավիճակը, ինչպես նաև հատուկ նշանակության գլոբալ ահաբեկիչների (SDGT) ցուցակից հանել է «Ան-Նուսրա ճակատ» խմբավորումը (որը հայտնի է նաև որպես «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ))։

Միաժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) ՀԹՇ-ին հանել է հատուկ նշանակված քաղաքացիների և արգելափակված անձանց ցուցակից։

«Ֆինանսների նախարարությունը կատարում է նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը և օգնում է սիրիացի ժողովրդին հասնել բարգավաճման», — հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Այսօրվա որոշումը կօգնի լրացուցիչ ներդրումներ ներգրավել Սիրիայում և նպաստել քաղաքական ու տնտեսական կայունությանը»։

ՀԹՇ-ի հետ գործարքներ իրականացնելու կամ գործունեություն ծավալելու համար ԱՄՆ քաղաքացիներին և ընկերություններն այլևս պետք չէ OFAC-ի հատուկ թույլտվությունը։ Դա արվում է այն պայմանով, որ այն այլևս կապ չունի արգելափակված անձանց կամ այլ արգելված գործարքների հետ։

Միևնույն ժամանակ, Սիրիայի նկատմամբ սահմանափակումները չեղարկելու որոշումը չի նշանակում ԱՄՆ ֆինանսների նախարարության դիրքորոշման փոփոխություն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում և չի վերացնում Սիրիայի համար վտանգ սպառնացող անձանց պատասխանատվության ենթարկելու Վաշինգտոնի պարտավորությունը։

ՀԹՇ-ին SDGT ցուցակից հանելուն զուգահեռ՝ OFAC-ը պատժամիջոցներ է սահմանել խմբավորման երկու նախկին անդամների նկատմամբ, որոնք, ամերիկյան իշխանությունների փոխանցմամբ, շարունակում են աջակցել համապատասխանաբար «Ալ-Քաիդային» և «Հուրրաս ադ-Դինին»։

Վաշինգտոնում հայտարարել են, որ այս որոշումները կայացվել են ահաբեկչության ֆինանսավորման սպառնալիքի դեմ անհրաժեշտ միջոցները ապահովելու և Սիրիայի կայունությունն ու անվտանգությունը հավելյան կերպով պաշտպանելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *