Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրան անվանելով «բռնապետ», «խուլիգան» և «սնանկությունների արքա»։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը 50%-անոց մաքսատուրքեր է սահմանել կանադական մի շարք ապրանքների վրա, հաղորդում է Independent-ը։
Երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆորդին խնդրել են մեկնաբանել Truth Social-ում Թրամփի կատարած գրառումը։ ԱՄՆ նախագահը կանադացի քաղաքական գործչին անվանել էր «հիմար» և կրկին պաշտպանել իր սակագնային քաղաքականությունը՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն «տասնամյակներ շարունակ իր ուսերին է քաշ տվել Կանադային, սակայն դա այլևս չի շարունակվի»։
«Ես չեմ պատասխանում Թրամփի պես բռնապետին, Թրամփի պես խուլիգանին։ Ես չեմ պատրաստվում խորհուրդներ ընդունել մի մարդուց, ով սնանկությունների արքա է», — հայտարարել է Ֆորդը։
Ավելի վաղ Օնտարիոյի վարչապետն արդեն ռադիոեթերում աներկբա պատասխան էր հղել Թրամփին՝ ասելով․ «Պաչիր իմ հետույքը»։ Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում Ֆորդը հաստատել է, որ հետ չի կանգնում իր խոսքերից։ «Հետույքիս վրա շատ տեղ կա, այնպես որ նա ընդարձակվելու տեղ կունենա», — կատակել է Ֆորդը՝ ծիծաղելով։ «Ես խոշոր տղա եմ, ի՞նչ արած»։
Ֆորդը նաև մեղադրել է Թրամփին ագրեսիվ սակագնային քաղաքականության պատճառով ամերիկյան տնտեսությանը վնաս հասցնելու մեջ և կոչ է արել ամերիկացիներին առաջիկա միջանկյալ ընտրություններում չքվեարկել նախագահի դաշնակիցների օգտին։
«Նա ըստ էության մաքսատուրքեր է սահմանում սեփական ժողովրդի դեմ, հարկում է սեփական քաղաքացիներին», — հայտարարել է Օնտարիոյի վարչապետը։ Դիմելով ամերիկացի ընտրողներին՝ նա հավելել է․ «Մի՛ քվեարկեք այն մարդու օգտին, ով կոչնչացնի ձեր աշխատատեղերը… Եթե ինձ թույլ տային, ես ինքս տնետուն կգնայի ու քարոզարշավ կանեի»։
Կոշտ վիրավորանքները դարձել են ԱՄՆ-ի և Կանադայի միջև հարաբերությունների հերթական սրման գագաթնակետը։ Շաբաթ օրը Օտտավայի և Վաշինգտոնի միջև վերջին բանակցությունների ձախողման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական շուրջ 20 միլիարդ դոլարի ներմուծման նկատմամբ ամերիկյան 50%-անոց մաքսատուրքերը։
Նոր մաքսատուրքերը բավականին շատ ապրանքների վրա են տարածվել, այդ թվում՝ հոկեյի մահակներ, գինի, մեղր, գյուղատնտեսական արտադրանք, հագուստ և տեսախցիկներ։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օտտավան պատասխանելու է հայելային տարբերակով՝ «դոլարին՝ դոլար», և սեպտեմբերի 8-ից մտցնելու է պատասխան մաքսատուրքեր։