Նեթանյահուն կարգադրել է փակել Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության կենտրոնը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ կարգադրել է քանդել Արևելյան Երուսաղեմի Քաֆր Աքաբ շրջանում գտնվող ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (UNRWA) արհեստագործական ուսումնարանը։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։

Այս որոշումն ընդունվել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրի՝ կենտրոնը փակելու մտադրության մասին հայտարարությունից ժամեր անց։

«Իսրայելը թույլ չի տա, որ իր տարածքում գործի մի կազմակերպություն, որի աշխատակիցները մասնակցել են ահաբեկչությանն ու հոկտեմբերի 7-ի սպանդին, և կիրառելու է բոլոր հնարավոր միջոցները դրա դեմ»,- եբրայերենով արված հայտարարության մեջ նշել է Նեթանյահուն։

2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո իսրայելական իշխանությունները պարբերաբար մեղադրում են կազմակերպությանն իր դպրոցներում հակաիսրայելական թշնամանք հրահրելու և Գազայում ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցելու մեջ։ Իսրայելը նաև պնդում է, որ գործակալության որոշ աշխատակիցներ անձամբ են մասնակցել այդ հարձակմանը։ ՄԱԿ-ի գործակալությունը կտրականապես հերքում է այս մեղադրանքները։

Բեն-Գվիրը հայտնել է, որ ոստիկանությունն արդեն քայլեր է ձեռնարկում կառույցն այդ տարածքից հեռացնելու ուղղությամբ։ Սա հետևել է Երուսաղեմի քաղաքապետարանի հաստատած ծրագրին, որով նախատեսվում է ուսումնական կենտրոնի զբաղեցրած 82 դունամ (մոտ 20 ակր) տարածքում ճանապարհ և կրթական համալիր կառուցել։

Այս հողատարածքը պաշտոնապես պատկանում է Հրեական ազգային հիմնադրամին։ Ապրիլին ներկայացված նախագծի համաձայն՝ նոր համալիրը Քաֆր Աքաբի բնակիչների համար ներառելու է դպրոցական դասարաններ, մզկիթ, ինչպես նաև առողջապահական, սոցիալական ու մշակութային կենտրոններ։

Կազմակերպությունից պարզաբանում են, որ այդ հողն իրենց է փոխանցել Հորդանանի կառավարությունը դեռ 1952 թվականին, երբ Վերջինս վերահսկում էր Արևելյան Երուսաղեմը 1948 թվականի պատերազմից հետո (որն Իսրայելում հայտնի է որպես Անկախության պատերազմ)։ Տարածքը հատկացվել էր հենց արհեստագործական ուսումնարան հիմնելու նպատակով և գործում է մինչ օրս։

Ավելի վաղ կազմակերպությունը նշել էր, որ տեղյակ է քաղաքապետարանի ծրագրերից և նախազգուշացրել, որ դրանց իրագործումը խախտում է ՄԱԿ-ի օբյեկտների պաշտպանության միջազգային իրավական նորմերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *