Մալթացի լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության մեջ մեղադրվող գործարար Յորգեն Ֆենեկը, ձերբակալությունից յոթ տարի անց, առաջին անգամ ցուցմունք է տվել դատարանում։ Նա հայտարարել է, որ որևէ առնչություն չունի հանցագործության հետ և ոստիկանության դավադրության զոհ է դարձել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Չորս օր տևած հարցաքննության ընթացքում Ֆենեկը բազմիցս պնդել է, որ սպանության «իսկական կազմակերպիչն» ու պատվիրատուն Քիթ Շեմբրին է։ Վերջինս Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի աշխատակազմի նախկին ղեկավարն էր և երկրի ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը։
«Ո՞վ է իսկական կազմակերպիչը», — դատավորի այս հարցին մեղադրյալը պատասխանել է. «Քիթ Շեմբրին»։
Դատարանում որպես վկա հանդես եկող և կասկածյալի կարգավիճակ չունեցող Շեմբրին հերքում է իր առնչությունը։
Մալթայի օրենսդրությամբ մեղադրյալն իրավունք ունի հրաժարվել ցուցմունք տալուց, սակայն Ֆենեկն անսպասելիորեն որոշել է օգտվել այդ իրավունքից։ Նա պատմել է Շեմբրիի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների մասին՝ նշելով, որ պաշտոնյան իրեն պարբերաբար գաղտնի տեղեկություններ է փոխանցել, այդ թվում՝ նախազգուշացրել սպասվող ձերբակալությունների և խուզարկությունների մասին։
Ֆենեկի վարկածով՝ լրագրողի սպանության հարցն առաջին անգամ քննարկվել է իր ընտանեկան ռանչոյում։ Նա պնդում է, որ Շեմբրին ծայրաստիճան զայրացած է եղել Կարուանա Գալիցիայի հրապարակումներից, որոնցում շոշափվել են նաև նրա անձնական կյանքն ու հիվանդությունը։
Գործարարի խոսքով՝ հանդիպմանը ներկա է եղել նաև սպանության միջնորդ Մելվին Թեուման, որն ասել է, թե լրագրողին «կարելի է հեշտությամբ վերացնել»։ Ավելի ուշ Թեուման տեղեկացրել է, որ սպանության պլանը պատրաստ է, իսկ կատարողները պահանջում են 120 հազար եվրո։
Ֆենեկը նշել է, որ այդ մասին հայտնել է Շեմբրիին և ստացել նրա համաձայնությունը։ «Քիթի համար սա մաքուր վրեժ էր. նա կարծում էր, որ անձնական տեղեկություններ հրապարակելով՝ լրագրողն անցել է սահմանը», — հայտարարել է մեղադրյալը։
Ֆենեկը պնդում է, որ սպանությունից հետո Շեմբրին շարունակել է իր միջոցով հաղորդագրություններ փոխանցել Թեումային՝ կատարողներին զգուշացնելով սպասվող ձերբակալության մասին։ Բացի այդ, ըստ Ֆենեկի, Շեմբրին իրեն է փոխանցել նաև Եվրապոլի գաղտնի զեկույցի տվյալները։
Կարուանա Գալիցիան զոհվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ականապատված մեքենայի պայթյունից։ Նույն թվականի դեկտեմբերին ձերբակալված երեք տղամարդիկ՝ Ջորջ և Ալֆրեդ Դեջորջիոները ու Վինսենտ Մուսկատը, հետագայում մեղավոր են ճանաչվել։ Մուսկատն ընդունել է իր մեղքը և ավելի մեղմ պատիժ ստացել։
Ֆենեկին առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած են միջնորդությունը խոստովանած Թեումայի ցուցմունքները։ Մեղադրող կողմի վարկածով՝ Ֆենեկը 150 հազար եվրո է փոխանցել նրան՝ ռումբը տեղադրած երեք տղամարդկանց վարձելու համար։
Ֆենեկը հերքում է իր մեղքը։ Նա հայտարարել է, որ Թեումայի հետ խոսակցությունների ձայնագրություններն օգտագործվել են իրեն շանտաժի ենթարկելու համար, իսկ քննիչներն օգնել են թաքցնել Շեմբրիի դերը, որպեսզի գլխավոր մեղադրանքը բարդեն իր վրա։
«Ես ինձ դավաճանված էի զգում», — ասել է Ֆենեկը։ Նա նշել է, որ Թեումայի ցուցմունքների և Շեմբրիի դերը թաքցնելու միջոցով ոստիկանությունը պարզապես գործ է «կարել» իր դեմ։
Դատախազ Գոդվին Չինին կասկածի տակ է դրել այս վարկածը՝ հարցնելով, թե արդյոք Ֆենեկն ավելի ազդեցիկ չէր, քան Թեուման։ Ավարտելով խաչաձև հարցաքննությունը՝ դատախազը հայտարարել է. «Ձեր մատնահետքերն այս գործում ամենուր են»։
Դատավարությունը շարունակվում է։