Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Տեր Թադեն ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից․ «Հետք»

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանի (Տեր Թադե) և կնոջ բավարարվել է։ Դատարանը որոշել է նրանց վտարել Թալին քաղաքի բնակարանից և այն վերադարձնել եկեղեցուն․ գրում է «Հետք»-ը։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ) սեփականության իրավունքով պատկանող Թալին քաղաքի Մյասնիկյան 3-րդ շենքի հասցեում գտնվող բնակարանը փոխանցվել է Արամայիս Թախմազյանին՝ անհատույց բնակվելու համար: Վերջինս բնակարանում բնակվում է կնոջ և երեխաների հետ: Մայր Աթոռը 2026թ. հունվարի 9-ին գրություններ է ուղարկել Արամայիս Թախմազյանին և կնոջը՝ պահանջելով մինչև 2026թ․ հունվարի 25-ն ազատել բնակարանը, սակայն նրանք չեն ազատել։

Մայր Աթոռը դիմել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Արամայիս Թախմազյանին և կնոջը վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, ինչպես նաև՝ նրանց վտարել բնակարանից:

Արամայիս Թախմազյանը դատական նիստում առարկել է հայցի դեմ։ Նա ընդունել է, որ բնակարանն իրեն տրամադրվել է առանց որևէ փաստաթղթի կամ պայմանագրի։ Նրա խոսքով՝ Թալինի հոգևոր հովիվ նշանակվելուց հետո բնակարանը ստացել է բանավոր պայմանավորվածությամբ, առանց բնակվելու ժամկետ կամ այլ պայման սահմանելու։

Թախմազյանը նշել է, որ Մայր Աթոռին պատկանող բնակարանները նախատեսված չեն միայն հոգևորականների համար և կարող են տրամադրվել նաև այլ կարիքավոր մարդկանց։ Նրա խոսքով՝ Թալինում Մայր Աթոռն ունի երեք բնակարան․ մեկում ինքն է բնակվում, մեկում՝ մեկ այլ հոգևորական, իսկ երրորդում՝ երեխաների հետ բնակվող կարիքավոր կին։ Հայտնել է նաև, որ իրենից առաջ նույն բնակարանում ապրել է ոչ հոգևորական, որը հետո ազատել է այն։

Թախմազյանի խոսքով՝ բնակարանն իրեն տրամադրելիս որևէ պայման չի առաջադրվել, այդ մասին որևէ ժողով կամ որոշում չի եղել, որևէ փաստաթուղթ չի կազմվել։ Նշել է, որ եկեղեցում չկա պահանջ, ըստ որի՝ քահանան պարտադիր պետք է բնակարան ունենա։ Բնակարանով ապահովելու հարցը, ըստ նրա, լուծվում է իրավիճակից կախված։

Միաժամանակ Թախմազյանը դատարանին հայտնել է, որ հնարավոր է՝ իր հոգևոր ծառայության ընթացքում Մայր Աթոռը՝ որպես բնակարանի սեփականատեր պահանջի ազատել այն և տրամադրի մեկ այլ անձի։ Նշել է, որ եթե իր նշանակման պահին բնակարանն ազատ չլիներ, բնակության հարցը ստիպված կլիներ ինքնուրույն լուծել։

Գործի քննության ընթացքում Թախմազյանը պնդել է իր դիրքորոշումը և խնդրել է հայցը մերժել։ Արամայիս Թախմազյանը վիճարկել է Մայր Աթոռի՝ բնակարանի սեփականատեր լինելու փաստը: Նշել է, որ եթե գույքի սեփականատերը եկեղեցին է, ապա ինքը որպես «Հայ առաքելական սուրբ եկեղեցու մասնիկ», անշարժ գույքի համասեփականատեր է։

Հայցի դեմ առարկել է նաև կինը։ Նա ևս ընդունել է, որ ինքը և ընտանիքի անդամները բնակարանի սեփականատեր չեն, սակայն հայտնել է, որ ավելի քան տասը տարի բնակվում են այնտեղ և բարեկարգման աշխատանքներ են կատարել։

Տիկնոջ խոսքով՝ բնակարանում ապրում է ամուսնու և երեխաների հետ։ Ամուսնու՝ Թալինի հոգևոր հովիվ նշանակվելու ժամանակ բանավոր պայմանավորվածություն է եղել, որ ընտանիքը պետք է բնակվի նրա ծառայության վայրում, սակայն այդ պայմանավորվածությունը որևէ փաստաթղթով չի ամրագրվել։ Նա նշել է, որ եթե ամուսինը դադարեցնի հոգևոր ծառայությունը, իրենք նույնպես կազատեն բնակարանը։ Միաժամանակ, նրա խոսքով, բնակարանի ազատման հարցը կարող է լուծվել ամուսնու՝ որպես Թալինի հոգևոր հովվի պաշտոնավարման հարցը վերջնականապես որոշելուց հետո։

Դատարանի վճռում նշված է, որ Արամայիս Թախմազյանը և կինը բնակարանի նկատմամբ որևէ գույքային իրավունք չունեն։ Քանի որ նրանց կողմից բնակարանի օգտագործման վերաբերյալ օրենքով նախատեսված պայմանագիր կամ որևէ այլ փաստաթուղթ չի եղել, նրանք չեն կարող հիմնավոր ակնկալիք ունենալ, որ բնակարանը օրինական հիմքով շարունակելու են իրենց տիրապետության տակ պահել։

Դատարանը նշել է, որ նման դեպքերում սեփականատերը կարող է դատարանի միջոցով պահանջել իրեն պատկանող գույքի վերադարձը։ Այսինքն՝ սեփականատիրոջ հիմնական նպատակը գույքը հետ ստանալն է, որպեսզի կարողանա լիարժեք իրականացնել սեփականության իր իրավունքը։

Դատարանը նաև արձանագրել է՝ չկա որևէ ապացույց, որ պատասխանողները բնակարանը տիրապետել են օրինական հիմքով։ Կողմերն իրենք էլ հայտնել են, որ բնակարանի օգտագործման վերաբերյալ որևէ գրավոր պայմանագիր կամ այլ փաստաթուղթ չի եղել, և բոլոր պայմանավորվածությունները եղել են բանավոր։ Հետևաբար, չկա որևէ իրավական հիմք, որը կհաստատի՝ Թախմազյանը և կինը բնակարանը օրինական հիմքով են օգտագործել կամ գոնե ունեցել են նման համոզմունք։

Վճիռը կայացվել է երեկ՝ 2026թ. օգոստոսի 26-ին, և կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *