«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում քննարկվում է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի լիազորությունները կասեցնելու հարցը։
Արդյոք նախաքննական մարմինն ու դատախազությունը կկասեցնե՞ն պրոռեկտորի լիազորությունները, թե՞ թույլ կտան, որ նա շարունակի աշխատել՝ կհետևենք քննության ընթացքին։
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պրոռեկտորը և քրեական վարույթով անցնող մեղադրյալները, նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով, պետական բյուջե են վճարել մոտ 5 միլիոն դրամ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին և իշխանությունը, և ընդդիմությունը ներքին հարցումներ են իրականացնում քաղաքացիների շրջանում՝ կապված հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների հետ։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ և իշխանությունների ներսում, և ընդդիմադիրների ներսում լուրջ մտահոգություն կա, որ մի ուժ ոչ միայն չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, այլև միայնակ չի կարողանալու իշխանությունն ձևավորել, այսինքն՝ հավաքել 50+ տոկոս ընտրողների ձայները։
Մենք տեղեկացանք, որ բոլոր հարցումներով Նիկոլ Փաշինյան-ի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակում է առաջատար լինել մյուս ուժերի նկատմամբ, որին չի զիջում կամ շատ քիչ է զիջում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, այնուհետև Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերն են խորհրդարան մտնելու։ Դրան մոտ է Արման Թաթոյանը, իսկ մյուսները, ըստ այդ հարցումների, չեն հաջողելու։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լիլիթ Մակունցը, ով համարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենասյուներից մեկը, առանցքային դեր ունի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին հարաբերությունների համատեքստում։ Լիլիթ Մակունցը ՔՊ նախընտրական ցուցակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել և վերլուծել է նրա վերջին տարիների պաշտոնական հայտարարագրերը՝ պարզելու նրա գործունեության ուղղություններն ու գույքային վիճակի փոփոխությունները տարբեր ժամանակահատվածներում։
Ընդհանուր առմամբ, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր տարիներին Մակունցի հայտարարագրերում արձանագրվել են ինչպես զգալի եկամուտներ, այնպես էլ մեծածավալ վարկային պարտավորություններ՝ հիմնականում բնակարանային նպատակներով, այն դեպքում, երբ առանձին անշարժ գույք չի հայտարարագրվել։ Ում համար է նա անշարժ գույքի հիփոթեքի վարկ մարում, անհասկանալի է, քանի որ հայտարարագրված անշարժ գույք չկա, փոխարենը կա վարկ»։
«Հրապարակ» թերթը գրում է․ Կիրակի օրվա ավտոերթի եւ համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Կիրակի օրը մարդիկ տեսան նրա սիլուետը ամուսնու առավոտվա լայվում՝ կառավարականում, ապաեւ մասնակցեց Գյումրիի միջոցառմանը․ Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր քաղաքում, արհամարհում լրագրողների հարցերը: Եվ, հակառակ խոստմանը, որ հրաժարվում է «ախրաննիկներից», շրջում էր ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ։ «Վերամիավորվե՞լ եք» հարցը նրանք անպատասխան թողեցին:
Տեղեկացանք, որ անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել դա: Մեզ ասացին, թե իրենք 1 շաբաթ առաջ են իմացել, որ Աննան վերադարձել է կառավարական առանձնատուն: Իսկ թե ինչ կարգավիճակով, չգիտեն: Իրենք էլ են տարակուսած զույգի այս թատրոնից։
«Հրապարակ» թերթը գրում է․ Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին։
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, մարտական տրամադրված, սպասել են, որ նրա դեմքին ասեն իրենց դժգոհությունները՝ կապված Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականի եւ նոր տնօրենի նշանակման հետ, սակայն հանդիպումը չի կայացել` Փաշինյանը չի մտել թանգարան։ Այցի օրը ինստիտուտի «Ժանսեմ» պատկերասրահում «Ինքնություն, հիշողություն եւ վերապրում. Հայ երեխաները՝ ցեղասպանության ընթացքում» ցուցադրության բացումն էր նաեւ, որը նույնպես չի գրավել Փաշինյանի ուշադրությունը:
«Հրապարակ» թերթը գրում է․ Շաբաթ օրը Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն էր, հայտարարվեց, որ մասնակցելու են ընտրություններին, եւ հրապարակվեց նախընտրական ցուցակի առաջին հնգյակը, որտեղ տարօրինակ կերպով չկար ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։
Տեղեկացանք, որ նա ընդհանրապես չի լինելու ցուցակում: Մեր տեղեկություններով, այդուհանդերձ, որպեսզի թիմին չվնասի, նա չի խզելու կապը կուսակցության հետ եւ լինելու է կուսակցության լիազոր ներկայացուցիչ` հարցազրույցներ է տալու, բանավեճերի է մասնակցելու։
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Թեեւ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանից պետական ապարատին եւ իր թիմակիցներին հրահանգ էր իջեցվել հուժկու ավտոերթ, ապա եւ՝ Գյումրիում համերգ-հանրահավաք կազմակերպելու մասին, սակայն իշխանության մեր աղբյուրները պատմում են, որ ավտոերթի ու համերգի արդյունքներից Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել պատասխանատուների վրա։
Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգից հետո Փաշինյանը եւ ՔՊ ակտիվը հավաքվել են «Յաղլա» սրճարանում կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ «յաղլանոցում», եւ բուռն քննարկում է եղել:
Փաշինյանն ամենավերջին խոսքերն է ասել թիմակիցներին։
Սարիկին էլ նախատել է՝ Գյումրու ՀԷՑ-ի մասնաճյուղը դրել ենք «տակդ», չես կարողանում մարդ բերել։ Ասում են` այս խոսակցությունից «մեր Սարիկն» այնքան է վատացել, որ դրանից հետո է Ֆեյսբուքում բաց տեքստով հայհոյանք է գրել իրենց քննադատող քաղաքացու հասցեին:
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականներին հստակ հրահանգ է իջեցվել մարզերում տնտղելու գտնել ծպտյալ ընդդիմադիրներին: «Գտեք նրանց, ովքեր իբր ո՛չ իշխանական են, ո՛չ ընդդիմադիր, բայց տակից լավ էլ ընդդիմադիր են։
Գտեք ու անուն առ անուն ներկայացրեք, չկա մարդ, ում վրա հակազդելու լծակ չլինի, դուք մենակ գտեք»,-ըստ աղբյուրի՝ հրահանգվել է մարզային ՔՊ-ականներին։
«Իրավունք» թերթը գրում է. «ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ցայտնոտի մեջ է ընկել բլոգեր Արամ Գաբրիելյանովի պնդումներից առ այն, թե իբր ինքը՝ Օնիկ Գասպարյանը խոստովանել է, որ «Նիկոլ Փաշինյանն է իրեն ստիպել 44-օրյա պատերազմի ժամանակ զորքերը ետ քաշել, ճանապարհ բացել թշնամու առաջխաղացման համար և հանձնել Շուշին»։
Օնիկը նախ շնչակտուր հերքման տեքստ է տարածել անվանելով տարածվածը ցնդաբանություն, ապա մտերիմ շրջապատում վախվորած հայտնել, թե. « էս նեղ մաջալին իրան հանելը իշխանությունների դեմ իրան հեչ ձեռք չի տալիս, ականջս դինջ ապրում եմ իմ ինչ պետքնա մտնեմ առաջին գիծ»,-ըստ լուրերի մոտավորապես այս կերպ արտահայտվել է վերջինս։