Թրամփը նվազեցրել է ԿՀՎ տնօրենի՝ Մոսկվա այցի նշանակությունը՝ այն «սովորական» անվանելով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆի այցը Մոսկվա անվանել է «սովորական բնույթի» այց․ գրում է The Guardian-ը։

Հիշեցնենք, որ Ռեթքլիֆը երեքշաբթի կառավարական ինքնաթիռով մեկնել է Մոսկվա։ Նախապես չհայտարարված այցը մեծ հետաքրքրություն է առաջացրել և տվել բազմաթիվ ենթադրությունների տեղիք։

Սպիտակ տունը, ԿՀՎ-ն, Պենտագոնը և ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրաժարվել են մեկնաբանել այցը, որը չորեքշաբթի հաստատել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Ռադիոհաղորդավար Գլեն Բեքին տված հարցազրույցում Թրամփը հերքել է ենթադրությունները, թե Ռեթքլիֆի՝ Մոսկվա մեկնելու պատճառը եղել են մտավախությունները, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է «ստուգել ՆԱՏՕ-ի վճռականությունը»։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ ԿՀՎ տնօրենը մեկնել էր ՌԴ, որպեսզի ստանա Մոսկվայի աջակցությունն Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներն ավելի խստացնելու հարցում։

«Վերոնշյալներից (ենթադրություններից – խմբ․) ոչ մեկը ճիշտ չէ։ Նա այնտեղ էր բավականին սովորական այցով․ ցավում եմ, որ պետք է հիասթափեցնեմ։ Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայի հետ պատերազմն ավարտվի», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «ջանասիրաբար» աշխատում է պատերազմին վերջ դնելու ուղղությամբ, և, որ «այս պահին թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան ցանկանում են, որ այն ավարտվի»։

Նշենք, որ նախօրեին, վկայակոչելով այցի մասին տեղեկացված աղբյուրներին, The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզական ծառայության ղեկավարի անակնկալ այցի նպատակն էր զգուշացնել ՌԴ-ին չհարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա։

Ռեթքլիֆի այցը ԿՀՎ տնօրենի առաջին այցն էր Մոսկվա այն ժամանակից ի վեր, երբ գերատեսչության նախկին ղեկավար Բիլ Բըրնսը 2021 թվականի նոյեմբերին մեկնել էր ՌԴ մայրաքաղաք՝ Պուտինին զգուշացնելու Ուկրաինայի վրա հարձակվելու հետևանքների մասին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *