ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մի քանի ամիս է, ինչ չի կարողանում հասնել Իրանի հետ հակամարտության ավարտին, գրում է The Atlantic-ը:
Պարբերականը ընդգծում է, որ լայնամասշտաբ ռմբակոծությունների արշավն աստիճանաբար կորցրել է իր արդյունավետությունը, իսկ ամերիկյան զինամթերքի պաշարները սկսել են սպառվել:
Հոդվածագիրներ Ջոնաթան Լեմայերի և Նենսի Յուսեֆի կարծիքով՝ դիվանագիտական ջանքերը նույնպես ցանկալի արդյունք չեն տվել. Իրանի իշխանությունները միտումնավոր ձգձգում են բանակցային գործընթացը և ուժեղացնում Հորմուզի նեղուցի նկատմամբ ունեցած վերահսկողությունը:
Նույնիսկ ներկայումս պահպանվող փաստացի զինադադարը, որը ծայրահեղ նուրբ է ու անկայուն, գրեթե չի ազդել համաշխարհային շուկայում էներգակիրների գների վրա:
«Ընտրության սահմանափակ հնարավորությունների պայմաններում Թրամփի վարչակազմը խաղադրույք է անում Իրանի դեմ երկարատև տնտեսական ճնշման վրա: Վաշինգտոնն ակնկալում է Իրանի ղեկավարությանը ստիպել վերադառնալ լուրջ բանակցությունների: Այնուամենայնիվ, այս ռազմավարության արդյունավետությունը կարող է սահմանափակ լինել, եթե ԱՄՆ-ն միաժամանակ ճնշում չգործադրի այն երկրների վրա, որոնք շարունակում են առևտուր անել Իրանի հետ և աջակցել նրա տնտեսությանը», — նշված է հոդվածում:
Մասնավորապես, խոսքը Չինաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև Թեհրանի հետ ռազմավարական գործընկերությամբ կապված Հյուսիսային Կորեայի մասին է: Ընդ որում, Թրամփն ավելի վաղ ցույց է տվել, որ չի ցանկանում լուրջ առճակատման գնալ այդ պետությունների հետ:
Հեղինակների կարծիքով՝ նոր ռազմավարությունը Սպիտակ տանը հնարավորություն է տալիս, մի կողմից, հայտարարել հակամարտության կարգավորման նոր մոտեցումների փնտրտուքի մասին, մյուս կողմից՝ Իրանի հետ պատերազմն աստիճանաբար դուրս մղել հանրային ուշադրության կենտրոնից:
Թրամփի խորհրդականների և դաշնակիցների փոխանցմամբ՝ վարչակազմը ծրագրում է իրանական թեման մղել երկրորդ պլան, սպասել վառելիքի գների որոշակի նվազմանը և ամերիկացիների ուշադրությունը հրավիրել հանրապետականների համար ավելի շահավետ թեմաների վրա՝ միջանկյալ ընտրությունների շեմին: