Թրամփը խուսափել է պատասխանել Իրանի վրա ճնշման շրջանակում չինական բանկերի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հարցին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր է պլանավորում Վաշինգտոնը Իրանի դեմ տնտեսական ճնշումը մեծացնելու շրջանակում, այդ թվում՝ արդյոք պատժամիջոցներ կսահմանվեն Թեհրանի հետ աշխատող չինական բանկերի նկատմամբ, հաղորդում է CNN-ը:

Շաբաթվա սկզբին Թրամփի վարչակազմը հայտարարել էր «Տնտեսական վտարանդի» գործողության մեկնարկի մասին։ Գործողության ընթացքում պատժամիջոցներ են կիրառվելու Իրանի առևտրային գործընկերների նկատմամբ։

Այնուամենայնիվ, հստակ սահմանափակումներ դեռևս չեն կիրառվել: Մասնավորապես, ԱՄՆ-ն որևէ պատժամիջոց չի հայտարարել չինական խոշոր ֆինանսական կառույցների դեմ, թեև Չինաստանը շարունակում է մնալ Իրանի թիվ մեկ առևտրային գործընկերը:

Այն հարցին, թե ինչու Վաշինգտոնը պատժամիջոցներ չի կիրառում չինական բանկերի նկատմամբ, Թրամփը պատասխանել է. «Իսկ ո՞վ ասաց, որ չեմ կիրառում: Դուք չգիտեք՝ անում եմ դա, թե ոչ: Ամեն ինչի մասին չէ, որ պարտավոր եմ բարձրաձայնել»:

Միևնույն ժամանակ, Թրամփը խուսափել է պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք քննարկել է տնտեսական ճնշման այս արշավն այլ երկրների ղեկավարների հետ: Սա հակասում է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությանը, ով ավելի վաղ նշել էր, թե նախագահը կապվում է օտարերկրյա գործընկերների հետ՝ «Թեհրանի ռեժիմի հետ փոխգործակցությունը դադարեցնելու կոնկրետ պահանջով»:

«Այստեղ առանձնապես խոսելու բան չկա: Մենք չենք ցանկանում խոսել նրանց հետ», — ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այս հարցը քննարկելու համար «չի պատրաստվում հանդիպել» այլ երկրների ներկայացուցիչների հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *