Դանիան 40-ական հազար եվրո կվճարի հարկադիր հակաբեղմնավորման ենթարկված գրենլանդացի կանանց

Դանիայի խորհրդարանը հաստատել է մոտ 40 հազար եվրոյի (47 հազար դոլար) չափով փոխհատուցում տրամադրել Գրենլանդիայի այն բնակչուհիներից յուրաքանչյուրին, ովքեր տուժել են առանց իրենց իմացության ու համաձայնության արգանդային պարույրների տեղադրման աղմկահարույց պատմությունից, հաղորդում է dpa-ն:

Ըստ գնահատականների՝ փոխհատուցում ստանալու իրավունք կունենա շուրջ 4,5 հազար կին, ում 1960-1991 թվականներին արգանդային պարույր է տեղադրվել առանց իրենց համաձայնության:

1960-1970-ականներին դանիացի բժիշկներն առանց թույլտվության արգանդային պարույրներ են տեղադրել Գրենլանդիայի հազարավոր բնակչուհիների, այդ թվում՝ անչափահաս աղջիկների: Ենթադրվում է, որ այս ճանապարհով Դանիայի իշխանությունները փորձել են վերահսկել ու սահմանափակել կղզու բնակչության աճը:

Դանիան մինչև 1992 թվականը պատասխանատու է եղել Գրենլանդիայի առողջապահական համակարգի համար: Այժմ աշխարհի խոշորագույն կղզին ունի լայն ինքնավարություն, սակայն ձևականորեն շարունակում է մնալ Դանիայի Թագավորության կազմում:

Անցյալ տարի Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը պաշտոնապես ներողություն է խնդրել դանիա-գրենլանդական հարաբերությունների պատմության այս սև էջի համար: Իսկ ուրբաթ օրը նախատեսվում է արգանդային պարույրների հետ կապված սկանդալին նվիրված փորձագիտական երկու զեկույց հրապարակել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *