Հայաստանցի երեխաները կմնան Թուրքիայի հայկական դպրոցներում, բայց առանց պաշտոնական դիպլոմի


Թուրքիայի հայկական դպրոցներում սովորող Հայաստանի քաղաքացիների երեխաների կարգավիճակը չի փոխվի՝ հայտարարել է այդ երկրի կրթության նախարարությունը։ Հարցն օրակարգ էր մտել այն բանից հետո, երբ նախարարության տեսուչները հայկական դպրոցներ այցերի ժամանակ տնօրեններին հայտնել էին, թե Հայաստանի քաղաքացիների երեխաներն այլևս չեն կարող այդ կարգավիճակով ընդունվել դպրոց։

Հետագայում, սակայն, պարզվել էր, որ նման բովանդակությամբ պաշտոնական հրահանգ նախարարությունը չէր տվել։ Ի՞նչ էր տեղի ունեցել, և արդյո՞ք այս պատմությունն ամբողջությամբ փակված է։

Թուրքիայի հայկական դպրոցներում Հայաստանի քաղաքացիների երեխաները նոր ուսումնական տարում կշարունակեն սովորել որպես «հյուր աշակերտներ»։ Խնդրի շուրջ վերջին օրերի անորոշությունը սկսվել էր հայկական դպրոցներ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչների այցելություններից հետո։

«Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է․ «Կրթության նախարարության քննիչները մեր դպրոցները այցելեցին և ասացին, որ այլևս չեն կարող Հայաստանից աշակերտ ընդունել, նույնիսկ՝ եթե նրանք արդեն ուսումը շարունակող աշակերտներ են, պետք է հեռացվեն դպրոցից։ Բայց թե այդ խոսքի հիմքը որն էր, մինչև այսօր հստակ չէ։ Ոչ ոք չասաց, որ այսինչ որոշման հիման վրա այսպիսի հայտարարություն եղավ։ Երբ նյութը բարձրաձայնվեց, պարզվեց, որ նախարարությունը նման որոշում չունի։ Հետևաբար, սա մի բաժակ ջրի մեջ փոթորիկ ստեղծելու երևույթ էր։ Այդ փոթորիկը, իսկապես, ստեղծվեց, ամբողջ շաբաթ այս նյութի մասին խոսվեց, բայց երևույթը մնաց անփոփոխ․ աշակերտները շարունակելու են սովորել որպես հյուր աշակերտներ»։

Եթե նման որոշում չի եղել, ինչո՞ւ է դպրոցների տնօրեններին փոխանցվել հակառակ բովանդակությամբ տեղեկություն։ Բագրատ Էստուկյանը դրա հստակ բացատրությունը չունի։ Նրա խոսքով՝ խնդիրը նաև համայնքի կազմակերպվածության պակասն է․

«Այդ մասին որևէ հստակ բացատրություն չկա։ Խնդիրն այն էոր մեր համայնքը շատ անկազմակերպ է։ Իրավասություն ունեցող մեկը չկա, որ համայնքի անունից այս հարցում հստակ դիրքորոշում ներկայացնի։ Հետևաբար, ամեն մարդ պարզապես հետևում է տեղի ունեցող զարգացումներին»։

«Հյուր աշակերտի» կարգավիճակի պահպանումը, սակայն, չի նշանակում, թե կրթական սահմանափակումները վերանում են․

«Այո՛կկարողանան։ Կհաճախեն դպրոցկավարտեն ուսումըբայց դիպլոմ չեն ստանա։ Կստանան միայն վկայագիրոր տվյալ աշակերտը սովորել էառարկաներից այսինչ գնահատականներն է ստացել և ավարտել է դպրոցըբայց ոչ պաշտոնական դիպլոմ»։

Այս սահմանափակումը հատկապես կարևոր է դառնում դպրոցն ավարտելուց հետո։ Վկայագիրը պաշտոնական դիպլոմ չէ, ու դրա հիմքով հնարավոր չէ Թուրքիայում դիմել բարձրագույն կրթություն ստանալու․

«Այդ վկայագրով հնարավոր չէ համալսարանի մուտքի քննությանը մասնակցել։ Թուրքիայում նրանց համար համալսարանական կրթության հնարավորություն չկա։ Հնարավոր է՝ Հայաստան գնան, համապատասխան քննություն հանձնեն և այնտեղ շարունակեն ուսումը, բայց Թուրքիայում՝ ոչ»։

Էստուկյանի գնահատմամբ՝ սա արդեն ոչ թե տեխնիկական կամ վարչական հարց է, այլ իրավունքների լուրջ խնդիր․

«Սա շատ լուրջ խնդիր է։ Սա մարդու իրավունքների խախտում է։ Կարևոր չէ՝ երեխան դպրոց կգնաթե ոչ եթե նրան զրկում են պաշտոնական դիպլոմ ստանալու հնարավորությունիցխնդիրը մնում է»։

Այլ կերպ ասած՝ այսօր լուծված է երեխաների՝ դպրոց հաճախելու հարցը, բայց ոչ նրանց կրթությունը հաջորդ փուլ տեղափոխելու հնարավորությունը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *