ԿՀՎ ղեկավարի՝ Մոսկվա այցն Իրանի, այլ ոչ թե Բալթյան երկրների մասին էր․ Էստոնիայի նախկին նախագահը՝ Euronews-ին

Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը, որն ազդեցիկ ձայն է եվրոպական անվտանգության հարցերում, Euronews-ի հետ զրույցում նշել է, որ կասկածանքով է մոտենում այն փաստին, որ ԱՄՆ-ն ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆին ուղարկել է Ռուսաստան՝ լարվածության սրման մասին զգուշացնելու։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը շարունակում է ավելի շատ մտահոգված լինել Իրանով։

«Ո՞րն է Միացյալ Նահանգների համար իրական խնդիրը հենց հիմա։ Իրական խնդիրն Իրանն է, այն փաստը, որ ռուսները թիրախային տեղեկատվություն են տրամադրում իրանցիներին։ Սրանք են իրական խնդիրները Միացյալ Նահանգների համար, և դա բավարար կլիներ, որպեսզի ԿՀՎ տնօրենը գնար Մոսկվա», – նշել է նա։

Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ ԿՀՎ տնօրենն ուղարկվել է Մոսկվային ՆԱՏՕ-ի անդամների վրա հարձակվելուց զգուշացնելու համար՝ այն մտահոգությունների ֆոնին, որ Ռուսաստանը կարող է փորձել «ստուգել» դաշինքը՝ թիրախավորելով Էստոնիան, Լատվիան կամ Լիտվան։

Էստոնիայի նախկին նախագահը նույնքան սկեպտիկորեն է վերաբերվում Բալթյան երկրների նկատմամբ Ռուսաստանի ռազմական սպառնալիքի աճի մասին հաղորդագրություններին․ «Ինչո՞ւ պետք է նրանք այս պահին որևէ բան անեն Բալթյան երկրներում»։

Իլվեսի խոսքով՝ Ռուսաստանը քիչ ռազմավարական պատճառ ունի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախման ռիսկի դիմելու։

Նա հավելել է, որ եթե Մոսկվան փորձեր բացել մեկ այլ ճակատ, ապա Ռուսաստանն ունի մի քանի հարևան՝ ՆԱՏՕ-ից և Եվրամիության անդամներից դուրս, որտեղ միջամտությունը զգալիորեն ավելի քիչ ռիսկ կպարունակի։

«Ռուսաստանի սահմանին կան այնքան շատ երկրներ, որոնք ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ ԵՄ-ի անդամ են։ Նրանք կարող են անել ամեն ինչ՝ Հայաստանից մինչև Տաջիկստան», – նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *