Վերջին տասը տարիների ընթացքում կրիպտոարժույթների շուկան արմատական փոփոխություններ է կրել։ Նախագծերը, որոնք 2016 թվականի վերջին աշխարհի խոշորագույնների թվում էին, այսօր հաճախ հայտնվել են Top-50-ից շատ հեռու կամ գրեթե կորցրել են իրենց նախկին ազդեցությունը:
Crypto Journal-ը վերլուծել է, թե ակտիվներից որոնք են կարողացել անընդմեջ մնալ 50 խոշորագույնների ցանկում 2016 թվականի վերջից մինչև 2026 թվականի օգոստոսը։
Արդյունքը բավականին ցայտուն է. 2016 թվականի CoinMarketCap-ի լավագույն հիսնյակի ոչ սթեյբլքոյններից բոլոր տարեկան ստուգիչ կետերով հաջողությամբ անցել է ընդամենը յոթ ակտիվ՝ Bitcoin, Ethereum, XRP, Litecoin, Monero, Dogecoin և Stellar։
2016 թվականի շուկայի մյուս առաջատարների մեծ մասը կորցրել են իրենց դիրքերը: Միևնույն ժամանակ, այս յոթնյակի մեջ ամենաբարձր եկամտաբերությունը ցույց է տվել ոչ Բիթքոյնը:
Հին Top-50-ը գրեթե նման չէ ժամանակակիցին
Եթե նայենք 2016 թվականի վերջի CoinMarketCap-ի վարկանիշին, շատ անվանումներ այսօր իսկական «կրիպտո-հնէաբանություն» են հիշեցնում: Steem-ն այն ժամանակ մտնում էր առաջին տասնյակի մեջ, իսկ խոշորագույնների թվում էին NEM-ը, Factom-ը, Waves-ը, Lisk-ը, DigixDAO-ն և այլ նախագծեր, որոնք հետագայում նկատելիորեն կորցրին իրենց դիրքերը: Solana-ն այդ պահին դեռ գոյություն չուներ, BNB-ն չէր վաճառվում:
Գրեթե տասը տարվա ընթացքում շուկան անցել է վերելքների և անկումների մի քանի մասշտաբային փուլերով՝ ICO-բում, DeFi-ի և NFT-ների զարգացում և տասնյակ նոր բլոկչեյն-էկոհամակարգերի ի հայտ գալ:
Չնայած այս բոլոր փոփոխություններին՝ յոթ կրիպտոարժույթները կարողացել են անցնել ամբողջ ժամանակահատվածը և դուրս չմնալ Top-50-ից ոչ մի ստուգիչ կետում:
1. Dogecoin (DOGE), աճը. ~400 անգամ
2016 թվականի վերջին Dogecoin-ը զբաղեցնում էր ընդամենը 15-րդ տեղը: Այն ժամանակ DOGE-ն հիմնականում ընկալվում էր որպես կատակ-մետաղադրամ: Սակայն տասը տարի անց այն ոչ միայն պահպանեց իր տեղը խոշորագույնների թվում, այլև ցույց տվեց գնի ամենաբարձր աճը ողջ ընտրված ցանկում:
2016-ի վերջին DOGE-ում ներդրված պայմանական 1000 դոլարը այսօր կվերածվեր շուրջ 400 000 դոլարի: Չնայած 2020 թվականի վերջին ակտիվն իջել էր գրեթե Top-50-ի ստորին սահմանին, հետագայում այն նորից վերադարձավ առաջին տասնյակ:
2. Ethereum (ETH), աճը. ~310 անգամ
Ethereum-ը դեռ 2016 թվականի վերջին աշխարհի երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթն էր: 2026 թվականի օգոստոսին ETH-ն դարձյալ զբաղեցնում է երկրորդ տեղը: Այս ընթացքում գինն աճել է շուրջ 310 անգամ: ETH-ն վերապրել է ICO-բումը, DeFi/NFT ոլորտների պայթյունը, Proof-of-Work-ից Proof-of-Stake-ի անցումը և բազմաթիվ մրցակիցների ի հայտ գալը:
3. XRP, աճը. ~230 անգամ
2016-ի վերջին XRP-ն երրորդն էր, իսկ դրանից ի վեր դրա գինն աճել է շուրջ 230 անգամ: Ավելի հատկանշական է XRP-ի կայունությունը վարկանիշում. ոչ մի տարեկան ստուգիչ կետում ակտիվը չի իջել 8-րդ տեղից ցածր:
4. Bitcoin (BTC), աճը. ~82 անգամ
Բիթքոյնը 2016-ի վերջին եղել է №1-ը, իսկ 2026 թվականի օգոստոսին շարունակում է մնալ առաջին հորիզոնականում: Թեև աճի տոկոսով (82 անգամ) այն զիջում է DOGE-ին, ETH-ին և XRP-ին, դիրքի կայունության տեսանկյունից Բիթքոյնը չունի մրցակիցներ. այն առաջինն է եղել 2016-ին և առաջատարի դիրքը պահպանել է անընդմեջ բոլոր տարիներին:
Մնալ Top-50-ում՝ չի նշանակում պահպանել նախկին կշիռը
Stellar-ի, Monero-ի և Litecoin-ի պատմությունները ցույց են տալիս, թե որքան տարբեր կարող է լինել «գոյատևումը» կրիպտոշուկայում.
- Stellar (XLM). 2016-ին երկրորդ տասնյակում էր, ապա կտրուկ բարձրացավ, իսկ հետո վերադարձավ սկզբնական դիրքերին: Գինն աճել է շուրջ 77 անգամ:
- Monero (XMR). 2016-ին առաջին հնգյակում էր, հետագայում իջավ Top-50-ի հատակը, իսկ հետո նորից բարձրացավ: Թանկացել է շուրջ 30 անգամ:
- Litecoin (LTC). 2016-ին զբաղեցնում էր 4-րդ տեղը, իսկ տասը տարի անց հայտնվեց արդեն երրորդ տասնյակում: Գինն աճել է մոտ 12 անգամ:
Ի՞նչ կլիներ $1000-ի հետ
Եթե 2016 թվականի վերջին ներդրողը $1000 դոլար ներդեր այս յոթ ակտիվներից յուրաքանչյուրում ($7000 ընդհանուր) և պահեր դրանք մինչև 2026 թվականի օգոստոսը, ապա պորտֆելը կվերածվեր շուրջ $1,14 միլիոնի:
Վերլուծաբանները զգուշացնում են, որ այս հաշվարկը չի կարող ծառայել որպես պատրաստի ռազմավարություն: 2016 թվականին պատահական պորտֆել կազմելիս ներդրողը BTC-ի կամ ETH-ի կողքին կարող էր գնել Steem, NEM կամ Factom, որոնց արդյունքները լրիվ այլ կլինեին: Բացի այդ, հաշվարկները չեն ներառում միջնորդավճարները, հարկերը, բազմամյա գնային անկումներին դիմանալու հոգեբանական բարդությունը:
Ի՞նչն է միավորում այս 7 կրիպտոարժույթներին
Այս ակտիվները չունեն մեկ միասնական տեխնոլոգիա կամ հաջողության ունիվերսալ բանաձև: Սակայն դրանց բոլորին բնորոշ են հետևյալ հատկանիշները.
- Ճանաչելիություն. Bitcoin, Ethereum, Dogecoin, XRP կամ Litecoin անունները հայտնի են նույնիսկ կրիպտո-համայնքից դուրս:
- Իրացվելիություն. Առևտրի հսկայական ծավալներն ու առկայությունը բոլոր խոշոր բորսաներում:
- Համայնք. Հավատարիմ օգտատերերի, մշակողների և ներդրողների բանակ:
- Հստակ դիրքավորում. Բիթքոյնը դարձավ գլխավոր ակտիվն ու կողմնորոշիչը, Ethereum-ը՝ սմարթ-կոնտրակտների հիմքը, XRP-ն ու Stellar-ը պահպանեցին ուղղվածությունը վճարումների վրա, Monero-ն՝ գաղտնիության, իսկ Litecoin-ն ու Dogecoin-ը հենվեցին բարձր ճանաչելիության և համայնքային աջակցության վրա:
Այս ամենը ցույց է տալիս, որ կրիպտոակտիվի երկարաժամկետ «գոյատևումը» կախված է ոչ միայն տեխնոլոգիաներից, այլև ցանցային էֆեկտից, ապրանքանիշի ուժից և շուկայական ցիկլերի միջով ճանաչելի մնալու կարողությունից: