Կախվածության և հոգեկան առողջության խնդիրներով զբաղվող նիդեռլանդական Trimbos Institute-ը «կարմիր տագնապ» է հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխի տեսքով պոտենցիալ մահացու վտանգավոր էքստազի հաբերի խմբաքանակի պատճառով, հայտնում է BBC News-ը։
Օգոստոսին մի քանի նման հաբեր հանձնվել են թմրանյութերի թեստավորման կենտրոններ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք պարունակում են PMMA-ի (պարա-մեթօքսիմեթամֆետամին) շատ բարձր խտություն՝ մի նյութ, որը նման է MDMA-ին՝ էքստազիի ակտիվ բաղադրիչին։
«Ոչ մի դեպքում մի օգտագործեք այս հաբը», — նախազգուշացրել են ինստիտուտում։ Մասնագետների տվյալներով, PMMA-ն սկսում է ազդել ավելի ուշ, քան MDMA-ն, և միևնույն ժամանակ արտահայտված խթանող ազդեցությունը կարող է բացակայել։ Սա մեծացնում է գերդոզավորման վտանգը, քանի որ մարդը կարող է ընդունել հավելյալ դոզա՝ չսպասելով ակնկալվող ազդեցությանը։
Վտանգավոր հաբերը պատրաստված են Թրամփի գլխի տեսքով։ Մի կողմում պատկերված է ամերիկյան նախագահը, մյուս կողմում փակցված են «Trump» և «NL» գրությունները։
Մասնագետները նախազգուշացնում են, որ PMMA-ի օգտագործումից հետո կարող են առաջանալ սրտխառնոց, սրտխփոց և ցնցումներ։ Ծանր դեպքերում նյութը կարող է առաջացնել օրգանիզմի գերտաքացում, ինչը կարող է հանգեցնել մահվան։ Ախտանիշները կարող են ի հայտ գալ ընդունումից մի քանի ժամ անց։
Trimbos Institute-ի ներկայացուցիչ Անիկ Գրոթհեյսը Associated Press-ին հայտնել է, որ այս պահին ինստիտուտին հայտնի չեն մահվան կամ ծանր հիվանդությունների դեպքեր, որոնք կապված են այս հաբերի հետ։
Նիդեռլանդներում էքստազիի արտադրությունը, վաճառքն ու օգտագործումն օրենքով արգելված են։ Միևնույն ժամանակ, երկրի կառավարության 2024 թվականի զեկույցի համաձայն, թմրանյութը շարունակում է բավականին տարածված մնալ երեկույթների այցելուների շրջանում։ 2022 թվականին այն առնվազն մեկ անգամ օգտագործել է շուրջ 550 հազար մարդ։
Սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփի կերպարը դառնում է էքստազի հաբերի դիզայնի հիմք։ 2017 թվականին գերմանական ոստիկանությունը առգրավել էր ԱՄՆ նախագահի գլխի տեսքով շուրջ 5 հազար նարնջագույն հաբ։ Այն ժամանակ իրավապահները ենթադրել էին, որ դրանք ինտերնետում վաճառվել են «Թրամփը կրկին մեծ է դարձնում երեկույթները» կարգախոսի ներքո։