Օգոստոսի 28-ի երեկոյան Կիևի մարզի Միլա գյուղում գտնվող պահեստների վրա ռուսաստանյան հարվածի հետևանքով զոհվել է 37 մարդ։ Այդ մասին հայտնել է Կիևի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն, տեղեկացնում է РБК-Украина-ն։
Ըստ Տկաչենկոյի, տեղում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարներն ու մյուս արտակարգ ծառայությունները շարունակում են ապամոնտաժել փլատակները և վերացնել հարձակման հետևանքները։
Օգոստոսի 28-ի երեկոյան ռուսաստանյան անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բուչայի շրջանում գտնվող պահեստներին։ Հարձակումից հետո ձեռնարկության տարածքում հրդեհներ են սկսվել, որոնք ուղեկցվել են պայթյուններով և դետոնացիայով։
Զոհվածների թվում է Դմիտրիևսկի համայնքի ղեկավար Տարաս Դիդիչը։ Հարվածի հետևանքով վնասվել են նաև բնակելի տներ և պանսիոնատ, իրականացվում է բնակիչների տարհանում։
Խոշոր հրդեհի պատճառով տրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր Մ-06 «Կիև — Չոպ» մայրուղու 15-րդից 32-րդ կիլոմետր հատվածում։
Դատախազությունը սկսել է տեղի ունեցածի հանգամանքների քննությունը։ Մասնավորապես, իրավապահները մտադիր են ստուգել ձեռնարկության տարածքում պայթյունավտանգ նյութերի տեղակայման օրինականությունը։