Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ Եվրոպական միությանն անդամակցելու Երևանի ձգտումը կարող է բարդացնել Մոսկվայի հետ առևտուրն ու հարցականի տակ դնել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրի հետագա անդամակցությունը։ Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի խախտել Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները և դեռ չի պատրաստվում լքել կազմակերպությունը, գրում է Al Jazeera-ն։
Հենց այս հակասությունն է դարձել նրանց լարված հանդիպման առանցքային թեման, որը կայացել է սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:
Պուտինը նշել է, որ դեպի ԵՄ Հայաստանի ձգտումը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն զգուշացրել է նման քաղաքականության հետևանքների մասին:
«Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հենց հայ ժողովուրդն է որոշում իր զարգացման ուղին», — ասել է Ռուսաստանի նախագահը: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դեպի ԵՄ շարժումը «բարդություններ է ստեղծում» ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա անդամակցության համար, սպառնում է միության շուկայում հանրապետության ունեցած առավելություններին և կարող է հանգեցնել ձևավորված առևտրային կապերի խզմանը:
Պուտինը նաև հավելել է, որ Մոսկվային անհրաժեշտ է հասկանալ Երևանի հետագա մտադրությունները, որպեսզի հստակեցնի Հայաստանի նկատմամբ սեփական առևտրատնտեսական քաղաքականությունը:
Փաշինյանը չի համաձայնել այս մոտեցման հետ: Նա ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը չի նշանակում ԵԱՏՄ-ից դուրս գալ և չի խախտում Երևանի ստանձնած պարտավորությունները:
«Մենք այս պահին մեր գործընկերներին չենք տեղեկացրել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մեր մտադրության մասին», — հայտարարել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն առայժմ ցանկանում է պահպանել երկու ուղղությունների միջև ընտրության հնարավորությունը: Նա բազմիցս նշել է, որ ԵՄ-ին անդամակցելու վերջնական որոշումը պետք է կայացվի միայն ԵԱՏՄ-ին իրական այլընտրանքի ի հայտ գալուց հետո, այդ թվում՝ հանրաքվեի միջոցով:
Ինչո՞ւ են վատթարացել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները
Al Jazeera-ն ընդգծում է, որ Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանը մնում էր Հարավային Կովկասում Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկը:
Երևանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), իսկ երկրի տարածքում երկար ժամանակ տեղակայված է ռուսական ռազմաբազան: Ռուսաստանը շարունակում է մնալ նաև Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերը:
2026 թվականի առաջին կիսամյակում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 2,5 միլիարդ դոլարի, իսկ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 30%-ը:
Այնուամենայնիվ, քաղաքական հարաբերությունները կտրուկ վատթարացան 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված իրադարձություններից հետո: Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Ռուսաստանը չմիջամտեց հակամարտությանը, ինչը դարձավ Երևանի՝ աստիճանաբար դեպի Արևմուտք թեքվելու պատճառներից մեկը:
Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանն ակտիվացրել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ միաժամանակ հեռավորություն պահելով ռուսական ինտեգրացիոն և ռազմական կառույցներից:
Մոսկվան իր հերթին ավելացրել է Երևանի վրա գործադրվող ճնշումը: Քաղաքական վերլուծաբան, ԵՄ ընդլայնման և եվրոպական անվտանգության հարցերով հետազոտող Լաուրենցիու Պլեսկան Al Jazeera-ին հայտնել է, որ Ռուսաստանն սկսել է սահմանափակել հայկական որոշ ապրանքների ներկրումը և սպառնալ անմաքս գազի, նավթամթերքի ու ալմաստների մատակարարման կասեցմամբ:
ԵՄ-ն այս ֆոնին Հայաստանին լրացուցիչ տնտեսական աջակցություն է առաջարկել:
Որո՞նք են ԵՄ-ի վերաբերյալ Հայաստանի ծրագրերը
2025 թվականի ապրիլին Հայաստանում ընդունվեց օրենք, որը իրավական հիմք ստեղծեց դեպի ԵՄ անդամակցություն շարժման գործընթացը սկսելու համար: Միևնույն ժամանակ, Փաշինյանը բազմիցս ընդգծել է, որ փաստաթուղթը Եվրամիությանը միանալու հայտ չէ, այլ միայն ինտեգրման ավելի լայն գործընթացի մեկնարկ:
Հուլիսին վարչապետը պատգամավորներին հայտարարեց, որ ԵՄ-ին երկրի ապագա անդամակցության մասին որոշումը կարող է ընդունվել հանրաքվեով՝ «մոտ ապագայում»:
Հայաստանն արդեն էապես ընդլայնել է եվրոպական երկրների հետ շփումները: Երևանն անցկացրել է առաջին պաշտոնական գագաթնաժողովը ԵՄ-ի հետ, ինչպես նաև պետական այցով ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Մոսկվայի համար Երևանի եվրոպական կուրսը ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական խնդիր է: Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր շահերի կարևոր գոտի, իսկ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը նշանակում է տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազում:
Ի՞նչ է ԵԱՏՄ-ն
Եվրասիական տնտեսական միությունը միավորում է Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը: Կազմակերպությունը կոորդինացնում է անդամ երկրների տնտեսական ու առևտրային քաղաքականությունը և գործում է 2015 թվականից:
Պուտինն ավելի ուշ բազմիցս հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին լիարժեք մասնակցության հետ: Մոսկվայում ելնում են այն նախադրյալից, որ Եվրամիությանը միանալուց հետո Հայաստանը ստիպված կլինի լքել ռուսական ինտեգրացիոն բլոկը:
Երևանն այլ դիրքորոշում ունի: Հայաստանի իշխանությունները նշում են, որ գործող համաձայնագրերը չեն արգելում երկրին եվրոպական ինտեգրման գործընթաց սկսել, քանի դեռ նա պաշտոնապես չի հայտարարել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Միության պայմանագիրը նախատեսում է դուրս գալու վերաբերյալ վեցամսյա նախնական ծանուցման ժամկետ:
Հենց սա էլ ստեղծում է ներկայիս իրավիճակը, որը վերլուծաբանները նկարագրում են որպես Հայաստանի ԵԱՏՄ-ի տնտեսական առավելությունները պահպանելու և ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու փորձ:
Ինչո՞ւ է Պուտինը պահանջում Հայաստանից կողմնորոշվել
Հոդվածագրի կարծիքով՝ Ռուսաստանի համար հարցը միայն Հայաստանի իրավական կարգավիճակը չէ: ԵԱՏՄ-ն Մոսկվայի համար ունի ռազմավարական կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն, իսկ Հայաստանի եվրոպական ինտեգրումը կարող է նշանակել ռուսական ազդեցության հետագա թուլացում Հարավային Կովկասում:
Պուտինը կոչ է արել Երևանին չհետաձգել որոշումը և առաջարկել է հարցը դնել հանրաքվեի:
Փաշինյանը, սակայն, հասկացրել է, որ առայժմ նման ընտրության պահը հասունացած չի համարում: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին իրական այլընտրանք դեռ ստեղծված չէ, որի պատճառով այժմ հանրաքվե անցկացնելը վաղաժամ է:
Այսպիսով, Մոսկվայի և Երևանի միջև հակասությունը ծավալվում է միանգամից երկու մակարդակում: Հայաստանը ձգտում է պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունները և ԵԱՏՄ-ին մասնակցության տնտեսական առավելությունները՝ միաժամանակ շարժվելով դեպի ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրում: Մոսկվան էլ պնդում է, որ դեպի Եվրոմիություն լիարժեք շարժումն ի վերջո Երևանից կպահանջի ընտրություն կատարել երկու ինտեգրացիոն դաշինքների միջև:
Քանի դեռ Հայաստանը փորձում է պահպանել դիրքերը երկու ուղղություններով էլ, Ռուսաստանն ավելի ու ավելի հաստատակամորեն է հասկացնում, որ նման ռազմավարությունը երկար շարունակվել չի կարող, ընդգծում է հեռուստաալիքը: