Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հանձնվել են Շնոբելյան մրցանակները։ Դրան արժանացել են համբույրի բիոմեխանիկան ուսումնասիրող հետազոտողները, տնտեսագետները, որոնք ապացուցել են, որ հարուստ մարդիկ լկտի են ավելի քիչ ապահովված քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաեւ քիմիկոսները, որոնք ուսումնասիրել են կենդանածին ուտիճների սպիտակուցներով եւ էներգիայով հարուստ կաթը։
Բժշկության մրցանակը ստացել են ճապոնացի հետազոտողները, որոնք մշակել են քիթը մաքրելու տեխնոլոգիան. ինչպես դա ճիշտ անել՝ չվնասելով իրեն ու շրջապատին։
Մրցանակ է շնորհվել նաեւ ապացուցված այն տեսության համար, ըստ որի՝ «մենք գնահատում ենք այն ընկերներին, որոնք չարություն են դրսեւորում այն ամենի նկատմամբ, ինչը մեզ դուր չի գալիս»։
Շնոբելյան կամ հականոբելյան մրցանակը շնորհվում է այն «նվաճումների համար, որոնք սկզբում ստիպում են ծիծաղել, իսկ հետո՝ մտածել»։ Այս տարի այն առաջին անգամ հանձնվել է ԱՄՆ -ից դուրս։ Մինչ այս արարողությունն անցկացվում էր Բոստոնում։ Սակայն գարնանը կազմակերպիչները որոշել են այն տեղափոխել Եվրոպա՝ Թրամփի վարչակազմի վիզային քաղաքականության խստացման պատճառով։