Դանիացի հնագետները հողի մեջ թաքնված արտեֆակտներ հայտնաբերող տեսախցիկ են ստեղծել

Դանիայի Օրհուսի համալսարանի և Մոսգորի թանգարանի հնագետները հողի մեջ անտեսանելի գտածոներ որոնելու համար նոր, էժան տեսախցիկ են ստեղծել։ Լուսադիոդներով և Raspberry Pi միկրոհամակարգչով աշխատող այս սարքն օգնում է տարբերել հողի շերտերը և հնագույն ոսկորներ հայտնաբերել՝ առանց պատմական օբյեկտները վնասելու։ Այս գյուտի մասին հաղորդում է Journal of Archaeological Science ամսագիրը։

Սարքը պեղվող տարածքը լուսավորում է 16 տարբեր ալիքի երկարություններով՝ ուլտրամանուշակագույնից մինչև մերձինֆրակարմիր տիրույթ։ Դա թույլ է տալիս նկատել նյութերի լուսարձակումն ու հողի շերտերի միջև այն ֆիզիկական տարբերությունները, որոնք անտեսանելի են մարդու աչքի համար։ Համակարգը փորձարկվել է դանիական Բորնհոլմ կղզում գտնվող Սորտե Մյուլդ երկաթեդարյան բնակավայրում, որտեղ հողը, օրգանական նյութերի բարձր պարունակության պատճառով, միատարր սև գույն ունի։ Նոր տեխնոլոգիայի շնորհիվ հետազոտողները կարողացել են առանձնացնել թաքնված շերտերը և հենց պեղումների ընթացքում հայտնաբերել հնագույն ոսկրերի բեկորներ։

«Լուսարձակումը որսալու այս համակարգի հատկությունը կարող է անգնահատելի լինել հենց պեղումների վայրում նմուշներ ընտրելիս, քանի որ այն ցույց է տալիս կոլագենի առկայությունը, իսկ դա ԴՆԹ-ի և սպիտակուցների պահպանվածության հուսալի ցուցիչ է», — նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Մոսգորի թանգարանի հնագիտական ՏՏ բաժնի աշխատակից Դևիդ Ստոտը։

Ավանդաբար հնագետները հողի շերտերի սահմանները որոշելիս ապավինում են իրենց տեսողությանը, սակայն այսպես կոչված օրգանական «մութ հողերի» դեպքում այդ մեթոդն անարդյունավետ է դառնում։ Սովորական հիպերսպեկտրալ տեսախցիկները թանկ են և ունեն ցածր տարածական լուծաչափ, ինչը խանգարում է դրանց լայնորեն կիրառել դաշտային պայմաններում։ Գիտնականների ստեղծած համակարգը մոտ 20 անգամ ավելի էժան է նմանատիպ սարքերից և տվյալները մշակում է գրեթե իրական ժամանակում՝ մեկ լուսանկարի համար ծախսելով շուրջ հինգ րոպե։

Ապագայում այս դյուրակիր սարքը հետազոտողներին հնարավորություն կտա ավելի հիմնավորված որոշումներ կայացնել, թե հողի որ հատվածներն արժե ուղարկել բարդ լաբորատոր վերլուծության։ Հեղինակների կարծիքով՝ այս տեխնոլոգիայի հետագա զարգացումը կօգնի բացահայտել բարդ հնագիտական հուշարձանների գաղտնիքները և բարելավել հնագույն բնակավայրերի ուսումնասիրության մեթոդները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *