Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի երկրաֆիզիկոս Մանուչեհր Շիրզային հայտնաբերել է օգոստոսի 26-ին Նեպալի և Տիբեթի սահմանին տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի տիեզերական նախանշանները։ Լուսանկարների վերլուծությունը ցույց է տվել, որ ավելի քան 1000 մարդու կյանք խլած ողբերգությունից մեկ շաբաթ առաջ ուղեծրային ռադարներն արձանագրել են սառցադաշտի և ապարների անոմալ տեղաշարժ։ Աշխատությունը հրապարակվել է Nature ամսագրում։
Հետազոտողն ուսումնասիրել է Եվրոպական տիեզերական գործակալության Sentinel-1 արբանյակի ռադարի տվյալները, որոնք հավաքվել էին հունվարի 8-ից օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում։ Վերջին լուսանկարն արվել է փլուզումից ընդամենը յոթ օր առաջ։ Պարզվել է, որ «սառցադաշտ-ժայռ» համակարգը դանդաղորեն սահել է ներքև՝ ամսական մոտ 10 միլիմետր արագությամբ։ Ընդ որում, գլխավոր տագնապալի ազդանշանը եղել է այդ դեֆորմացիայի արագացումը ապագա փլուզման գոտու անմիջական հարևանությամբ։
Իրադարձությունների հստակ հաջորդականությունն անհայտ է մնում. աղետը կարող էր սկսվել լայնամասշտաբ սողանքով, որն իր հետ տարել է սառցադաշտի մի մասը, կամ էլ սառույցի փլուզումն է քարաթափման պատճառ դարձել։ Գիտնականի խոսքով՝ դեֆորմացիայի արագացումն ավելի կարևոր է, քան շարժման բացարձակ արագությունը, քանի որ այն մատնանշում է ողջ երկրաբանական համակարգի անկայունությունը։ Սակայն անգամ այս ազդանշանները թույլ չէին տա հստակ կանխատեսել աղետի օրը։
«Արագացումն ինքնին չէր հուշի մեզ, որ փլուզումն անխուսափելի է, և պետք է անհապաղ տարհանվել, — նշել է Մանուչեհր Շիրզային։ — Սակայն ժամանակին հայտնաբերելու դեպքում այս տարածքը հնարավոր կլիներ առանձնացնել որպես «թեժ կետ», որն առավել մեծ ուշադրության և մշտադիտարկման կարիք ունի»։
Կանխատեսման գլխավոր դժվարությունն այն էր, որ ողբերգության պատճառ էր դարձել բարձրադիր սառցաժայռային համակարգի հանկարծակի փլուզումը, այլ ոչ թե սովորական գործոնները, ինչպիսիք են, օրինակ, աննախադեպ տեղումները: Նեպալում և Տիբեթում գործող ազդարարման համակարգերը նախատեսված են սառցադաշտային լճերի ճեղքման վտանգի համար և ներառում են ջրի մակարդակի սենսորներ ու ավտոմատ շչակներ։ Բարձրլեռնային շրջաններում առ այսօր բացակայում է արբանյակային լայնամասշտաբ մշտադիտարկումը, որն ի վիճակի կլիներ հետևել հազարավոր հեռավոր լանջերի դեֆորմացիային և այդ տվյալները կապել հոսանքն ի վար հնարավոր հեղեղումների մոդելավորման հետ։