

Հայաստանի Ազգային ժողովը օգոստոսի 25-ին ընդունեց կառավարության 2026-2031թթ․ ծրագիրը, որում առանձին անդրադարձ է կատարվում արդյունաբերական քաղաքականությանը և ընդերքօգտագործման ոլորտի զարգացմանը։
Ծրագրում նշվում է, որ արդյունաբերական քաղաքականությունն ուղղված է լինելու Հայաստանի արտադրական բազայի տեխնոլոգիական և կառուցվածքային վերափոխմանը, մշակող արդյունաբերության ընդլայնմանը, ինչպես նաև բարձր ավելացված արժեք ստեղծող, արտահանմանն ուղղված և ռեսուրսաարդյունավետ արտադրությունների զարգացմանը։
Ընդերքօգտագործման ոլորտում կառավարությունը նպատակ է դնում բարձրացնել արտադրողականությունը, կառավարման արդյունավետությունը, կանխատեսելիությունն ու թափանցիկությունը։ Ըստ ծրագրի՝ պետք է ձևավորվի ներդրումների համար ավելի բարենպաստ և մրցունակ միջավայր, ինչը նպաստելու է ոլորտի ինտեգրմանը միջազգային արժեշղթաներին և ֆինանսական շուկաներին։ Իսկ հանքահումքային ռեսուրսների օգտագործումն ու ոլորտի տեխնոլոգիական արդիականացումը պետք է դառնան առաջնահերթություններ։
Այդ նպատակով Կառավարությունը նախատեսում է կատարելագործել ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում թափանցիկության, հաշվետվողականության և պատասխանատու կառավարման մեխանիզմները՝ դրանք համապատասխանեցնելով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) ստանդարտի պահանջներին։ Միաժամանակ նախատեսվում է կիրառել բնապահպանական, սոցիալական և կառավարչական՝ ESG չափանիշներ։
Ծրագրով նաև նախատեսվում է խթանել հայկական հանքարդյունաբերական 45 կազմակերպությունների ցուցակումը միջազգային բորսաներում՝ միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու միջոցով։
Ընդերքօգտագործման ոլորտում նախատեսվող փոփոխություններից է ոլորտային լաբորատորիայի կարողությունների զարգացումը՝ այն միջազգային ISO/IEC 17025 ստանդարտին համապատասխանեցնելու և ռեֆերենս լաբորատորիա ստեղծելու նպատակով։
Կառավարությունը նախատեսում է նաև ստեղծել երկրաբանական ծառայություն և միասնական թվային տեղեկատվական շտեմարան։ Դրա միջոցով պետք է ապահովվի օգտակար հանածոների հանքավայրերի և հանքերևակումների պետական կադաստրի, պաշարների պետական հաշվեկշռի, ընդերքօգտագործման իրավունքների, պաշարների շարժի և ոլորտային այլ տվյալների միասնական կառավարումն ու հասանելիությունը։
Նախատեսվում է նաև ամբողջությամբ թվայնացնել ընդերքօգտագործման ոլորտի վարչարարական գործընթացները՝ ներառյալ ընդերքօգտագործման իրավունքների տրամադրումը, երկարաձգումը, փոփոխությունն ու դադարեցումը։
Կառավարության ծրագիրը միաժամանակ նախատեսում է խթանել կանաչ տնտեսության զարգացումը՝ ռեսուրսարդյունավետ լուծումների ներդրման միջոցով։ Ներդրվելու են շրջանաձև տնտեսության սկզբունքներ ու մեխանիզմներ։ Նախատեսվում է աջակցել արդյունաբերական ձեռնարկությունների կանաչ փոխակերպմանը՝ էներգաարդյունավետ և ռեսուրսախնայող լուծումների, վերականգնվող էներգիայի, թափոնների վերամշակման և ցածր ածխածնային տեխնոլոգիաների ներդրման միջոցով։
Բացի այդ, նախատեսվում է ձևավորել կենսագազի և կանաչ ջրածնի առնվազն մեկական արտադրական ենթակառուցվածք։
Սեպտեմբեր 08, 2026 at 15:04