Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ կարևոր քայլ արձանագրելով Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման և միջազգային ֆինանսական հաստատությունների՝ տեղական շուկայում ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ։
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցավ պարտատոմսերի ցուցակման ավանդական զանգի հնչեցման արարողությունը՝ խորհրդանշելով կազմակերպության մուտքը կապիտալի շուկա։ Հատկանշական է, որ արարողությանը մասնակցել և խորհրդանշական զանգը հնչեցրել են Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը, Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը, ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան։
Ներդրողները սեպտեմբերի 8-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։
«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ» միջազգային կազմակերպության պարտատոմսերը՝ ընդհանուր 5,000,000,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական՝ Abond ցուցակում։ Ցուցակման են ներկայացվել 500 պարտատոմս՝ յուրաքանչյուրը 10,000,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, լողացող արժեկտրոնային տոկոսադրույքով և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։
Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում՝ աճուրդի միջոցով։ Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես թողարկման տեղաբաշխող ՝ ապահովելով ողջ գործընթացը։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.
«Ուրախ ենք ողջունելու ՎԶԵԲ-ի՝ տեղական արժույթով թողարկված պարտատոմսերի մուտքը Հայաստանի ֆոնդային բորսա։ ՎԶԵԲ-ը երկար տարիներ Հայաստանի՝ տեղական արժույթով կապիտալի շուկայի զարգացման կարևոր գործընկերներից է։ Նոր թողարկումը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի շուկայական ենթակառուցվածքների նկատմամբ վստահության և տեղական արժույթով պարտատոմսերի շուկայի զարգացման ներուժի մասին։Այս պարտատոմսերի ցուցակումը դիտարկում ենք որպես ևս մեկ կարևոր քայլ՝ Հայաստանում առավել խոր, բազմազան և միջազգային շուկաներին ինտեգրված կապիտալի շուկա ձևավորելու ճանապարհին»։
«ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի հաջող թողարկումն ու ցուցակումը վկայում են Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների և տնտեսական հեռանկարների նկատմամբ մեր շարունակական վստահության մասին։ Տեղական արժույթով կապիտալի շուկաների զարգացումը ՎԶԵԲ-ի առանցքային առաջնահերթություններից է, քանի որ այն նպաստում է խնայողություններն արդյունավետ ներդումների ուղղելուն, ընդլայնում է բիզնեսի ֆինանսավորման հնարավորությունները և ամրապնդում տնտեսության դիմակայունությունը։ Մենք շնորհակալ ենք Կոնվերս Բանկին և Հայաստանի ֆոնդային բորսային՝ այս գործարքը շուկա բերելու հարցում համագործակցության համար և ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ Հայաստանի կապիտալի շուկաների հետագա խորացման ուղղությամբ»,- նշել է Հայաստանում ՎԶԵԲ-ի մշտական գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան։
«ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում կարևոր իրադարձություն է մեր կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից։ Միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցի կողմից նման գործիքի թողարկումն ու դրա հասանելիությունը տեղական շուկայում նպաստում են ֆինանսական շուկայի խորացմանը, տեղական արժույթով ֆինանսավորման գործիքակազմի ընդլայնմանը և ներդրողների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Կոնվերս Բանկը կարևորում է իր մասնակցությունը նման նախաձեռնություններին և շարունակելու է աջակցել Հայաստանի ֆինանսական էկոհամակարգի զարգացմանը»,- նշել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը:
Հայաստանի ֆոնդային բորսան շարունակելու է նպաստել նոր թողարկողների ներգրավմանը՝ նպաստելով կապիտալի շուկայի դիվերսիֆիկացմանը, դրա գրավչության բարձրացմանը և ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը։
****
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։