Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը տնտեսական աջակցություն ցուցաբերող ծրագրերն ավարտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի պատվիրակությունը։ Արդյունքները կամփոփվեն ընթացիկ տարվա վերջին։ Պատվիրակության կազմակերպած մեդիատուրի շրջանակում լրագրողների խումբը զրուցել է ծրագրերի շահառուների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում սեպտեմբերի 3-ի ցերեկը աշխուժություն էր տիրում։ Գյուղացիները հավաքվել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարբերանշանով մեծ բեռնատարի մոտ՝ սպասելով ձմեռային ցորենի սերմեր ստանալու իրենց հերթին։ Ընդհանուր առմամբ գյուղին հատկացվել է մոտ 32 տոննա։ Էմմա Գրիգորյանն աջակցության ծրագրի շահառուներից մեկն է։ «Սա մեծ օգնություն է։ Ես ինքս չէի կարող այդքան սերմ գնել»,- պատմում է զրուցակիցը։ Էմմա Գրիգորյանը բնակվում է որդու հետ, ընտանիքի տնտեսությունը մեծ չէ, ֆինանսական մուտքերն էլ՝ քիչ։ Այսօր ստացած սերմերը շուտով կհասնեն ցանքատարածքներ՝ գարնանը ծիլ տալով։ «Գյուղացիներին ցանկացած օգնություն շատ կարևոր է, վատ է, որ ծրագիրն ավարտվում է»,- հառաչում է տիկին Էմման։
Զրուցակիցներին մոտեցած Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը նշում է, որ անչափ շնորհակալ է ԿԽՄԿ-ի պատվիրակությանն աջակցության համար։ Նրա պատմելով՝ գյուղն ունի 1200 հա ցանքատարածք, որոնցից 400 հա-ը գտնվում է սահմանի մոտ՝ հարթավայրային հատվածում։ Օգտագործվում է հողի յուրաքանչյուր թիզը, վստահեցնում է վարչական ղեկավարը։ ԿԽՄԿ-ի աջակցությամբ անցյալ տարի ոռոգամելիորացիոն աշխատանքներ են իրականացվել լեռնային հատվածի շուրջ 100 հա տարածքում, որտեղ 30 տարի մշակում չէր եղել, և ցանվել է սպելտա։ Գյուղի մյուս խնդիրը կապված է ոռոգման ջրի հետ, ներկայում ջուրը պոմպերով մատակարարվում է Արենիից։ «Այս տարի բնությունն օգնեց։ Ամառը սովորականի պես այդքան շոգ չէր, անձրևներն էլ ավելի շատ էին»,- արձանագրում է Հովիկ Սմբատյանը։
ԿԽՄԿ-ի պատվիրակության տնտեսական անվտանգության ծրագրերի ղեկավար Ստեփան Գրիգորյանը պարզաբանում է, որ ծրագրերի էությունը հակամարտությունների հետևանքով տուժած բնակչությանն ու համայնքներին առաջնահերթ խնդիրներն արժանապատիվ կերպով լուծելու հարցում աջակցելն է։ «Այստեղ մենք իրականացրել ենք ծրագիր, որի շրջանակում Խաչիկ համայնքի բնակիչներին բաժանվել է մոտ 32 տոննա ցորենի սերմ, որոնք բաշխվել են 118 ընտանիքների միջև։ Նախկինում իրականացվել էր նաև 30 տարի չմշակված հողերի մելիորացիայի ծրագիր։ Նմանատիպ ծրագիր իրականացվել է նաև այլ մարզերում։ Սերմերի տրամադրման ծրագիր իրականացվել է նաև Սյունիքի 2 գյուղերում՝ Արավուսում և Ներքին Խնձորեսկում, ինչպես նաև Գեղարքունիքի 4 գյուղերում՝ Ազատում, Կուտում, Նորաբակում, Ջաղացաձորում։
ԿԽՄԿ-ի մանդատին համապատասխան՝ նման աշխատանք իրականացվում է սուր ճգնաժամի առկայության դեպքում՝ հակամարտության ընթացքում կամ անմիջապես դրանից հետո, երբ մարդիկ չեն կարողանում լուծել սննդի, հիգիենայի պարագաների և այլ առաջնահերթ խնդիրներ, այսինքն՝ կենսապահովումը վտանգված է։ Երբ կյանքը վերադառնում է բնականոն հուն, և այլևս կյանքեր փրկելու խնդիր չկա, ԿԽՄԿ-ն փակում է նման ուղղվածության ծրագրերը»,- պարզաբանել է ծրագրերի ղեկավարը։
ԿԽՄԿ-ի պատվիրակության հասարակության հետ կապերի և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հիշեցնում է, որ պատվիրակությունն ավելի քան 10 տարի տարբեր ծավալներով նման ծրագրեր է իրականացնում Հայաստանի 5 մարզերում՝ Տավուշում, Արարատում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում։ Աշխատանքն ակտիվացել է 2020 թվականի հակամարտության սրացումից հետո՝ հաշվի առնելով, որ մի շարք համայնքներ սահմանամերձի կարգավիճակ են ստացել։ Իրականացվել են տնտեսական աջակցության բազմաթիվ ծրագրեր՝ ինչպես համայնքների համար ընդհանուր առմամբ, օրինակ՝ հողերի մելիորացիա, սերմերի տրամադրում, այնպես էլ միկրոտնտեսական ծրագրեր, որոնք ուղղված են խոցելի ընտանիքների և տնտեսությունների աջակցությանը, դրանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքները, որոնք 2023 թվականից հետո բնակություն են հաստատել այդ մարզերում, նշել է Զառա Ամատունին։
Նրա պատմելով՝ առողջապահության ոլորտի ծրագրերն ուղղված են հեռավոր գյուղերում շտապ բժշկական օգնության հնարավորությունների ստեղծմանն ու ընդլայնմանը՝ բուժկետերի ստեղծում և սարքավորում, անձնակազմի ուսուցում, ինչպես նաև խոշոր մարզային բժշկական կենտրոններում՝ Ջերմուկում, Կապանում, Եղեգնաձորում, Վարդենիսում, շտապ օգնության բաժանմունքների ստեղծում և կահավորում։
«Ծրագրերն ուղղված էին հակամարտության հետևանքով խոցելի դարձած տարածաշրջաններին աջակցելուն։ Ինչ վերաբերում է սահմանամերձ գյուղերում ծրագրերի ավարտին, դա, բնականաբար, կապված է իրավիճակի կայունացման հետ, ինչպես վերևում նշեց գործընկերս։ Իր հերթին, ԿԽՄԿ-ն աջակցել է առաջնահերթ խնդիրների լուծմանը, հետագայում դրանց լուծմամբ կզբաղվեն տեղական իշխանություններն ու տեղական կազմակերպությունները»,- նշել է պատվիրակության ներկայացուցիչը՝ հավելելով, որ այդ նպատակով կազմակերպվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների պատրաստում, և նրանք կկարողանան մասնակցել ծրագրերի իրականացմանն ու օգնություն ցուցաբերել մարդասիրական ընթացակարգերին համապատասխան։
Ծրագրերի արդյունքները կամփոփվեն ընթացիկ տարվա վերջին։ Հետագայում ԿԽՄԿ-ի պատվիրակության ջանքերը կկենտրոնացվեն այլ խնդիրների լուծման վրա, ինչպիսիք են անհետ կորածների որոնումը, անհետ կորածների ընտանիքների հետ աշխատանքը, իշխանությունների հետ երկխոսությունը միջազգային մարդասիրական իրավունքի առաջմղման հարցում, համագործակցությունը զինված ուժերի հետ։ Կշարունակվի նաև համագործակցությունը ՀԿԽԸ-ի հետ՝ դրա կարողությունները զարգացնելու և փորձը փոխանցելու նպատակով։
Կարևոր աշխատանքի հաստատումն է Խաչիկ գյուղում վերանորոգված բուժկետը։ Բուժակ Վահե Ներսիսյանը նույն բուժկետում աշխատել է 35 տարի և վկայում է վերանորոգումից առաջ բուժկետի անմխիթար վիճակի մասին։ «Շենքը խիստ կարիք ուներ վերանորոգման և նոր սարքավորումների։ 20-25 տարի այստեղ ոչինչ չէր նորոգվել։ Գյուղը բավական հեռու է գտնվում, և օգնություն ցուցաբերելու հարցում խնդիրներ էին առաջանում։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքներով որոշվեց պայմաններ ստեղծել ավելի որակյալ օգնություն ցուցաբերելու համար արտակարգ իրավիճակի կամ պատերազմի դեպքում՝ ինչպես բնակչությանը, այնպես էլ զինծառայողներին։ Այժմ բուժկետում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները։ Քանի որ շտապ օգնության մեքենան լավագույն դեպքում կարող է Եղեգնաձորից գյուղ հասնել մեկ ժամում, չափազանց կարևոր է հնարավորություն ունենալ բուժառուին կայունացնել և կայուն վիճակում պահել մինչև շտապ օգնության ժամանումը»,- արձանագրում է Վահե Ներսիսյանը։
«Երբ խոսքը կյանքեր փրկելու մասին է, յուրաքանչյուր րոպեն հաշվի է։ Ծանր հիվանդի կամ վիրավորի տեղափոխումը Երևան կապված է թանկարժեք ժամանակի կորստի հետ»,- արձանագրել է Զառա Ամատունին։
Սյունիքի մարզի Շիկահող գյուղում այս տարի տնտեսական անվտանգության աջակցության ծրագրի շրջանակում շահառուները սկսել են թռչնաբուծական տնտեսություններ հիմնել։ 44-օրյա պատերազմից հետո գյուղում անասնապահությունը մեծապես տուժել է։ Գյուղապետ Զորիկ Նավասարդյանը նշում է որ այժմ գյուղում մշտապես բնակվում է ընդամենը մոտ 100 մարդ, մինչդեռ անցյալ դարի կեսերին գյուղում 1300 մարդ էր ապրում։
Վլադիկ Աղաթելյանը ծրագրի օգնությամբ ձեռք է բերել 60 ճուտ։ Քանի որ Վլադիկը նախկինում թռչնաբուծությամբ չէր զբաղվել, ծրագրի շրջանակում անցել է ուսուցման դասընթաց։ «Նման ծրագրերը շատ կարևոր են սահմանամերձ գյուղերի համար, հատկապես հաշվի առնելով, որ պատերազմի ժամանակ տնտեսությունները մեծապես տուժել են։ Շատ գյուղացիներ վաճառել կամ մորթել են անասուններին և թռչուններին՝ չկարողանալով խնամել ու կերակրել»,- պատմել է Շիկահողի բնակիչը։ Վլադիկին պատկանող հողերի մի մասն այժմ չեզոք գոտի է։
Անդրանիկ Մարկարյանին պատկանող ճտերի ճակատագիրն ավելի տխուր է եղել․ մեծ մասը սատկել է։ Շնորհակալություն հայտնելով ԿԽՄԿ-ին և ՀԿԽԸ-ին՝ նախկին գյուղապետ Անդրանիկ Մարկարյանն ընդգծել է՝ դժբախտության մեջ հայտնված մարդուն օգնելն արժանի գործ է։
Նմանատիպ ծրագիր իրականացվել է հարևան Սրաշեն գյուղում։ Փառանձեմ Բարսամյանի ընտանիքը երկար տարիներ զբաղվում է մեղվաբուծությամբ, սակայն անցյալ տարի մինչ օրս չպարզված պատճառով մեղուները սատկել են, 70 փեթակից մնացել է 6-7-ը։ Ընտանիքը օգտվել է ԿԽՄԿ-ի ծրագրից և այժմ ակտիվորեն ճուտեր է աճեցնում։
Մեդիատուրի շրջանակում այցելության վերջին կետը Կոռնիձոր գյուղն էր։ Ընտանեկան բժիշկ Սիլվա Դանիելյանն աշխատել է ավելի քան 40 տարի։ «ԿԽՄԿ-ի շնորհիվ կառուցվել է բուժկետի նոր շենք, այստեղ ստեղծված են բոլոր հարմարությունները։ Մարդիկ գալիս են, պատմում իրենց խնդիրների մասին, մենք նրանց ուղղորդում ենք համապատասխան մասնագետ բժշկի մոտ»,- պատմել է Սիլվա Դանիելյանը՝ հավելելով, որ գյուղն ամիսը երկու անգամ այցելում է թերապևտը, ամիսը մեկ անգամ՝ մանկաբույժն ու սրտաբանը։
«Այն, ինչ կա հիմա, և այն, ինչ եղել է նախկինում, տարբերությունն ահռելի է»,- եզրափակում է բժիշկը։