COP17-ին ընդառաջ Երևանում քննարկվել է միջազգային և տեղական գործընկերների համագործակցության օրակարգը

COP17-ին ընդառաջ Երևանում քննարկվել է միջազգային և տեղական գործընկերների համագործակցության օրակարգը

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ (CBD COP17) 2026թ․ սեպտեմբերի 9-ին Երևանում քննարկվել է միջազգային բնապահպանական կազմակերպությունների և Հայաստանի քաղաքացիական հասարակության համագործակցության օրակարգը։

«Դեպի ներառական և ազդեցիկ CBD COP17․ Հայաստանի կառավարության, միջազգային բնապահպանական ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդում» խորագրով հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի օրակարգը, նախորդ COP-ների փորձը և COP17-ի ընթացքում համագործակցության առավել արդյունավետ մեխանիզմների ձևավորման հնարավորությունները։ Հանդիպումը նախաձեռնվել էր Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) կողմից։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչներ, հայաստանյան քաղաքացիական հասարակության և բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային բնապահպանական կազմակերպությունների և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Ասիական զարգացման բանկի կլիմայի փոփոխության հարցերով ավագ մասնագետ Վարդան Կարապետյանը և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) գործադիր տնօրեն Նունե Հարությունյանը։

Հանդիպման առանցքային թեմաներից մեկը Հայաստանի դերն էր՝ որպես CBD COP17-ի նախագահող երկիր, ինչպես նաև առաջիկա համաժողովի՝ կենսաբազմազանության պահպանության գլոբալ գործընթացի վրա փոխակերպող ազդեցություն ունենալու հնարավորությունները։

Նախորդ COP-երի փորձը՝ COP17-ի համար

Միջազգային գործընկերները ներկայացրել են նախորդ Կողմերի համաժողովների իրենց փորձը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարելի է COP17-ը դարձնել ավելի ներառական, արդյունավետ և թափանցիկ գործընթաց։ Environmental Defense Fund (EDF)-ի միջազգային գործընկերությունների գծով ավագ տնօրեն Էնի Մարքը, The Nature Conservancy-ի՝ Եվրոպայում կենսաբազմազանության քաղաքականության ղեկավար Անդրաս Կրոլոպը, Rare Europe-ի գործադիր տնօրեն Ուլի Գրեբեները և Earth Insight-ի դիվանագիտական հարցերով ավագ մասնագետ Իգնասիո Արոնիսը ներկայացրել են իրենց փորձն ու դիտարկումները։

Քննարկման առանցքում եղել են նախորդ COP-ներից քաղված դասերը, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության ներգրավման ձևերը և միջազգային բնապահպանական կազմակերպությունների դերակատարումը COP-երի ընթացքում։

Առանձին անդրադարձ է կատարվել COP15-ի և COP16-ի ընթացքում քաղաքացիական հասարակության ներգրավման մոդելներին։ Մասնակիցները քննարկել են նաև այն գործիքներն ու մոտեցումները, որոնք կարող են նպաստել գործընթացների թափանցիկության, հասանելիության և լեգիտիմության ապահովմանը։

Միջազգային բնապահպանական կազմակերպությունների հնարավոր ներդրումը քննարկվել է նաև Հայաստանի Ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ծրագրի (NBSAP), Kunming-Montreal Global Biodiversity Framework (KM-GBF)-ի թիրախների իրականացման, կենսաբազմազանության ֆինանսավորման, հաղորդակցության և շահագրգիռ կողմերի ներգրավման տեսանկյունից։

Քննարկումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել այն հարցը, թե ինչպես ապահովել քաղաքացիական հասարակության արդյունավետ մասնակցությունը COP17-ի նախապատրաստական և բուն գործընթացներին։

Օրակարգում նախատեսված հաջորդ քննարկումներից է համակարգման մեխանիզմների և ներգրավման մոդելների ձևավորումը։ Այս համատեքստում կարևորվում է միջազգային ոչ կառավարական ՀԿ-ների դերը՝ բազմաշահառու համագործակցության և ամբողջ հասարակության մասնակցության վրա հիմնված մոտեցումների ձևավորման ու աջակցության գործում։

Սեպտեմբեր 14, 2026 at 15:19

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *