Եվրամիությունը նախատեսում է մինչև 12 միլիարդ եվրոյի պետական և մասնավոր ներդրումներ ներգրավել Միջին միջանցքի զարգացման համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Եվրախորհրդարանում ունեցած տարեկան ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն «Global Gateway» նախաձեռնության միջոցով ցանկանում է ամրապնդել Եվրոպան Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ կապող առևտրային երթուղին։ Նպատակն է մինչև 2030 թվականը դիվերսիֆիկացնել փոխադրումների ուղիները, եռապատկել առևտրային հոսքերը և զգալիորեն կրճատել բեռնափոխադրումների տարանցման ժամանակը։
Միջին միջանցքն անցնում է Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով և Հարավային Կովկասով՝ ստեղծելով Ասիան Եվրոպային կապող այլընտրանքային ցամաքային-ծովային երթուղի։
Ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է տարածաշրջանային կապակցվածության գագաթնաժողով անցկացնելու ծրագրի մասին՝ ընդգծելով, որ դրա նպատակն է նախաձեռնությունը վերածել գործնական նախագծերի։ ԵՄ-ն Միջին միջանցքի զարգացումը դիտարկում է նաև մատակարարման շղթաների կայունությունն ամրապնդելու և տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը խորացնելու համատեքստում։