Արցախյան հուշերն ու տան կարոտը՝ նկարչի մինյատուրներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Արցախում թողած տան կարոտը, մանկության հուշերն ու կորստի մրմռացող ցավը՝ նկարչի աչքերով։ Մտքերը նախ դառնում են էսքիզներ, հետո՝ փոքրիկ, բայց հոգի ունեցող տնակներ։ Գեղանկարիչ Արման Գրեյանն է։ Նա մարդկանց հիշողություններն ու տան կորստի անսահման ցավը վերածում է շոշափելի մինյատուրների՝ ամեն մի մանրուքի մեջ ամփոփելով կորած ջերմությունը։

Armat Media-ի հետ զրույցում, գեղանկարիչ Արման Գրեյանն ասում է՝ մինյատուրներ ստեղծելու միտքը ծնվեց, երբ հասկացավ, որ ալբոմներում թերթվող մանկության ու պապական տան հուշերը պետք է դուրս գան թղթից և առարկայական տեսք ստանան։ Թե որքանով է դժվար պատրաստման ընթացքը՝ պատմում է ինքը:

Մեկ մինյատուր ստեղծելու համար Արմանից պահանջվում է 2-ից 5 շաբաթ։ Ասում է՝ հաճախ անքուն գիշերներ է անցկացնում, անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասցնի մարդկանց հույզերը տեղ հասցնել: Արցախում կորսված հայրենի տներից մինչև Հայաստանի տարբեր մարզերում ու հեռավոր գյուղերում թողած պապական օջախներ․ Արմանի ձեռքերով վերածնվում են բոլորը։ Արձագանքները բուռն են ու հուզիչ․ մարդիկ նայում են փոքրիկ տնակներին, ու կարոտը խառնվում է հուշերին։ Նրանք լաց են լինում ու ուրախանում միաժամանակ, որ մակետի միջոցով կարողանում են առնել իրենց տան կարոտը։ Արմանի սիրտը ցավում է Արցախի կորստի համար․ ամեն պատրաստված տուն նրա համար բացվող վերքի է նման:

Նկարիչի հարցը հռետորական է՝ միգուցե մի տեղ թերացե՞լ ենք, միգուցե ինչ-որ բան այն չե՞նք արել, որ այսպես եղավ, չէ՞ որ մենք հաճախ չենք սիրում հայրենիքն այնպես, ինչպես պետք է։ Ասում է՝ եկեք գրկենք ու բաց չթողնենք երկիրը, փայփայենք ու դասեր քաղենք յուրաքանչյուր սխալից։Միգուցե այդպես ստիպված չենք լինի մեր տունն ու հայրենիքը որոնել փոքր չափերով մինյատուրներում։

Մանրամասն՝ տեսանյութում

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *