Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու նախագիծ։
Նախարարությունից հայտնել են, որ Սևանա լճում 2025-2026 թվականների սիգի բնական վերարտադրությունը գնահատելու և ձվադրման փուլերի ժամկետները հստակեցնելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարի 6-ը իրականացվել է գիտական որս։ Այն իրականացրել են Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները։
Նախարարության տեղեկացմամբ՝ սիգի բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ամեն տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում են խստացված միջոցառումներ՝ որսի արգելքի ընթացքում ապօրինի որսը կանխելու համար։
Նախագծով առաջարկվում է վեց ամսով արգելել Հայաստանի Հանրապետությունից սիգի ձկնկիթի արտահանումը՝ համապատասխան ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով։ Արգելքը կվերաբերի Հայաստանի ծագում ունեցող սաղմոնազգիների ընտանիքին պատկանող սիգի ձկնկիթին։