ԱՄՆ ցամաքային զորքերի պահեստազորն առաջիկա ամիսներին, հնարավոր է, իր կազմից որոշակի օժանդակ ստորաբաժանումներ տրամադրի Հարավային հրամանատարությանը։ CBS հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի սեփական աղբյուրներին, հայտնում է, որ դա կապված է Կուբայի դեմ հնարավոր ռազմական գործողության պլանավորման հետ․ գրում է РИА Новости-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ ցամաքային զորքերի պահեստազորի շտաբը ենթակա միավորումներից տեղեկություններ է խնդրել վեց ստորաբաժանումների վերաբերյալ, որ կարող են կցվել ԱՄՆ Հարավային հրամանատարությանը։
Փաստաթղթում նշվում է, որ այդ ստորաբաժանումները «հավանաբար անհրաժեշտ կլինեն 90-120 օրից»։ Խոսքը մարտական ապահովման գումարտակի, ինժեներական գումարտակի, բժշկական բրիգադի, վերակենդանացման և վիրաբուժության ստորաբաժանման, ռազմական ոստիկանության բրիգադի և թիկունքային ապահովման հրամանատարության ստորաբաժանման մասին է։
CBS-ի մի քանի աղբյուրներ հայտնել են, որ թեև համապատասխան փաստաթղթերում Կուբայի անունն ուղղակիորեն չի նշվում, բայց երկարաժամկետ ռազմական պլանավորման վերաբերյալ հարցումն ուղղված է Կուբայի դեմ գործողության նախապատրաստմանը։
Միաժամանակ, ամերիկացի զինվորականներն էլ ասել են, որ այս տարի ԱՄՆ զինված ուժերը հետախուզական գործողություններ են իրականացրել՝ ուսումնասիրելով Կուբայի շրջակայքի ստորջրյա (և ոչ միայն) ուղիները։