Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի առևտրի ծավալը հասել է 37.6 մլրդ դոլարի

Ստամբուլում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոս և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի առևտրի խորհրդական Դեյվիդ Ռիդը հարցազրույց է տվել թուրքական «Habertürk» լրատվամիջոցին:

Նա նշել է, որ իրենք ռազմավարական խորություն են հաղորդել Թուրքիայի հետ իրենց հարաբերություններին ու հավելել, որ առաջընթաց է գրանցվել առևտրի, ռազմական, տեխնոլոգիական և էներգետիկ ոլորտներում:

Ըստ նրա՝ երկու երկրները համագործակցում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անվտանգությունը, առևտուրն ու ներդրումները, գիտությունն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև էներգետիկան՝ շեշտելով, որ այս ոլորտները փոխադարձաբար ամրապնդում են միմյանց:

Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ Ռիդը հայտնել է, որ վերջին տվյալների համաձայն՝ երկու երկրների առևտրի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 28.4 մլրդ ֆունտ ստերլինգ (37.6 մլրդ դոլար), ինչը ցույց է տալիս տարեկան 4 տոկոս աճ։ Ըստ նրա՝ կա «իրական ներուժ» էներգետիկայի ոլորտում փոքր մոդուլային ռեակտորների վրա համատեղ աշխատելու համար:

Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ արդիականացված ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի թուրքական և բրիտանական ընկերությունների համար, կհեշտացնի առևտուրը և կվերացնի որոշ խոչընդոտներ։

Նշենք, որ ընթացիկ տարվա ապրիլին երկու երկրների միջև ստորագրվել էր ռազմավարական գործընկերության շրջանակային փաստաթուղթ, իսկ հուլիսին՝ անվտանգության և ռազմական գործընկերության համաձայնագիր։

Ռիդը նաև նշել է, որ Թուրքիան և Միացյալ Թագավորությունը վաղուց ՆԱՏՕ-ի դաշնակիցներ են և սերտորեն համագործակցում են՝ ընդունելով, որ համաշխարհային միջավայրը դարձել է ավելի մարտահրավերային, և ճգնաժամերը ավելացել են վերջին 5-10 տարիների ընթացքում։ Ըստ այդմ՝ նա հավելել է, որ վստահության վրա հիմնված գործընկերությունն ավելի կարևոր է նման միջավայրերում։

Ermenihaber

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *