Օրերս Սամվել Կարապետյանի եղբորորդի
Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է իրենց դաշինքի ցուցակը, տեսանյութ էր հրապարակել
և հայտարարել, թե Պետգույքի կառավարման կոմիտեի կայքում վերջին ժամանակներս
երկրների ցանկում, որտեղից Հայաստանում հնարավոր է գույք գնել, հայտնվել է նաև Ադրբեջանը։
Ռուսաստանցի օլիգարխի եղբորորդին նաև հարց էր հնչեցրել՝ ակնարկելով, որ ադրբեջանցիներին
Հայաստանում գույք գնելու իրավունք տալը Ադրբեջանի նախապայմաններից մեկն է խաղաղության
պայմանագրի ստորագրման համար։
Դիմեցինք Պետական գույքի կառավարման կոմիտեին հարցով՝
արդյոք Կարապետյանի պնդումը, թե Ադրբեջանի անունը երկրների ցանկում նոր է ավելացվել,
և ակնարկը, որ դա արվում է Ադրբեջանի նախապայմանների տիրույթում, համապատասխանո՞ւմ
են իրականությանը։
Ի պատասխան մեր հարցման Կոմիտեից պատասխանեցին,
որ էլեկտրոնային աճուրդի հարթակում առկա
երկրների ցանկը տեխնիկական բնույթ ունի և ներառում է աշխարհի բոլոր
երկրների անվանումները հարթակի ստեղծման պահից
ի վեր։ Այդ ցանկում որևէ երկրի առկայությունն ինքնին չի նշանակում, որ տվյալ երկրի քաղաքացիները
կարող են ձեռք բերել պետական և համայնքային
գույք։
«Աճուրդներին մասնակցության
իրավունքը, աճուրդով գույք ձեռք բերելու գործընթացը կարգավորվում են ՀՀ օրենքներով և համապատասխան
ընթացակարգերով, և
չեն որոշվում միայն կայքում երկրի անվան առկայությամբ»,- նշված է
պատասխանատու կառույցի պատասխանում։
Այսպիսով՝ ակնհայտ
է դառնում, որ Նարեկ Կարապետյանը ստում է՝ պնդելով, թե Ադրբեջանի անունը ցանկում նոր
է հայտնվել, իսկ ակնարկը որևէ աղերս չունի իրականության հետ։
Վովա Հակոբյան