3 տեղամասի չեղարկումն ու ԲՀԿ-ի դուրս մնալը. ԵԽԽՎ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների դիտորդական արդյունքները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր դիտորդական պատվիրակության ամփոփիչ զեկույցը: Փաստաթղթում մի կողմից արձանագրվում է ընտրությունների պատշաճ կազմակերպվածությունն ու քաղաքական այլընտրանքի առկայությունը, մյուս կողմից՝ հնչում են լուրջ մտահոգություններ ընտրական գործընթացում արձանագրված խախտումների և իրավական խնդիրների վերաբերյալ:

Զեկույցում առանձնահատուկ շեշտադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը, որով անվավեր էին ճանաչվել թիվ 10/51, 35/65 և 12/13 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Խախտումները վերաբերել են օրենքով սահմանված ժամից հետո զինծառայողների քվեարկությանն ու տեղամասերից մեկում «Ազգային ժողովդավարական բևեռ»-ի քվեաթերթիկների բացակայությանը:

ԵԽԽՎ-ն որպես ամենալուրջ խնդիր է դիտարկում այն, որ ԿԸՀ-ն, չեղարկելով արդյունքները, հրաժարվել է վերաքվեարկություն նշանակել՝ բավարարվելով ընդամենը մեկ տողանոց հիմնավորմամբ, թե չեղարկումը «չի ազդել ընդհանուր արդյունքի վրա»: Դիտորդներն այս հիմնավորումը որակել են «միանգամայն անբավարար»:

  • 4%-անոց շեմը. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել էր ձայների 3,99%-ը (58,287 քվե): Ըստ առանձին հաշվարկների՝ այդ տեղամասերի արդյունքները հաշվի առնելու դեպքում կուսակցությունը կարող էր հաղթահարել 4%-անոց շեմն ու անցնել Ազգային ժողով:
  • Քաղաքական հետևանքը. Արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ն ու նրա ընտրազանգվածը մնացել են խորհրդարանից դուրս, իսկ մանդատների վերաբաշխումը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը թույլ է տվել ստանալ 3/5-րդի սահմանադրական մեծամասնություն:
  • Օրենսդրական առաջարկ. ԵԽԽՎ-ն առաջարկում է Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնք հստակ կպարտադրեն վերաքվեարկության անցկացում այն դեպքերում, երբ վտանգվում է քաղաքական ուժերի հիմնարար ներկայացվածությունը խորհրդարանում:

Չնայած քվեարկության օրն անցել է հանգիստ մթնոլորտում, ԵԽԽՎ-ն ընդգծում է, որ ընտրությունները չեն սահմանափակվում միայն քվեարկության օրով: Դիտորդները արձանագրել են հետևյալ հիմնախնդիրները.

  • Ընտրական հանցագործություններ. Հարուցվել է ավելի քան 200 քրեական վարույթ (հիմնականում ընտրակաշառքի հետ կապված), որոնք գերազանցապես ուղղված են եղել ընդդիմության ներկայացուցիչների դեմ՝ ստեղծելով ընտրողական իրավակիրառման տպավորություն:
  • Վարչական ճնշումներ. Նկատվել են հանրային sector-ի աշխատակիցների նկատմամբ ճնշումներ՝ իշխող ուժի հավաքներին նրանց մասնակցությունն ապահովելու համար:
  • Մեդիա միջավայր. Զեկույցը մատնանշում է լրատվամիջոցների խիստ բևեռացվածությունը, նախընտրական ֆինանսավորման ոչ բավարար վերահսկողությունը, ինչպես նաև մանիպուլյատիվ բովանդակության ու արհեստական բանականությամբ (ԱԲ) ստեղծված նյութերի կիրառումը:

Զեկույցում առանձնակի ուշադրություն է դարձվել Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական լարվածությանը: Դիտորդների գնահատմամբ՝ ընտրություններն ուղեկցվել են արտաքին միջամտությամբ, առևտրատնտեսական սահմանափակումներով և տեղեկատվական գործողություններով, որոնց մասշտաբը Եվրոպայի խորհրդի անդամ պետության համար որակվել է որպես «աննախադեպ և մտահոգիչ»:

Անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանն ընդգծել է փաստաթղթի դրական շեշտադրումները: Ըստ նրա՝ զեկույցը փաստում է, որ չնայած արտաքին ճնշումներին և արձանագրված թերություններին, Հայաստանի հասարակությունը դրսևորել է ժողովրդավարական կայունություն:

«ԵԽԽՎ զեկույցը արձանագրում է` նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն»,— «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահը՝ նշելով, որ ընտրողներին տրված է եղել իրական ընտրության հնարավորություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *