Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխի հետ։
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են միջազգային տարբեր հարթակներում և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մոնղոլիայի միջև ձևավորված արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունը։
Միևնույն ժամանակ կողմերը ընդգծել են, որ երկկողմ հարաբերություններում առկա է դեռևս լիարժեք չիրացված զգալի ներուժ, որի իրագործման համար անհրաժեշտ է առավել նպատակային և հետևողական ջանքերի գործադրում։
Մոնղոլիայի նախագահը ներկայացրել է վերջին տարիներին իր երկրում անցկացվող մի շարք միջազգային նախաձեռնություններ և միջոցառումներ՝ առանձնահատուկ շեշտադրում կատարելով կանանց ներգրավվածության ընդլայնմանն ու նրանց ներուժի զարգացմանը միտված ծրագրերի վրա։ Նա հույս է հայտնել, որ ապագայում Հայաստանի կին գործիչներն ու գործարարները ևս ակտիվ մասնակցություն կունենան այդ նախաձեռնություններին՝ նպաստելով փոխգործակցության խորացմանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Հանրապետության նախագահը նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասը թևակոխել է զարգացման նոր փուլ, որտեղ առանցքային նշանակություն են ձեռք բերել բարիդրացիության, կայունության և խաղաղ համակեցության սկզբունքները։
Նախագահները քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հեռանկարները գյուղատնտեսության, կրթության, գիտության, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում։ Կողմերը կարևորել են այս ուղղություններով փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման կարևոր հիմք։