Հայաստանի Հանրապետության անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երևանը կենտրոնացած է Բաքվի հետ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման վրա։ Նրա բնորոշմամբ՝ Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը նման է նորածին երեխայի, որի մասին անհրաժեշտ է հոգ տանել։
Այս մասին Արմեն Գրիգորյանը ասել է Հունաստանում անցկացվող «Դելֆի տնտեսական ֆորում»-ի պանելային քննարկման ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանն ու, մասնավորապես, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև ստորագրված հռչակագրին։
Նա մատնանշել է, որ Հայաստանը կենտրոնացած է խաղաղության վրա, ինչպես ցանկացած տարածաշրջանում տեղակայված ցանկացած պետություն։
«Այնպես չէ, որ եթե դու ունես խաղաղություն, ապա դու չունես մարտահրավերներ, սակայն եթե դու ունես խաղաղություն, այդ դեպքում կարողանում ես ավելի շատ կենտրոնանալ այլ մարտահրավերների վրա։ Աշխարհի ցանկացած վայրում գտնվող երկիր առերեսվում է մարտահրավերների։ Հիմա հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որը հաջորդեց 2025 թվականի վաշինգտոնյան գագաթնաժողովին, մենք այժմ կենտրոնացած ենք հենց խաղաղության և խաղաղության ինստիտուցիոնալացման վրա»,-ընդգծել է Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այժմ առկա է իրական խաղաղությունը, բայց որպեսզի դա երկարաժամկետ լինի, անհրաժեշտ է ինստիտուցիոնալացնել այն։
«Ինստիտուցիոնալացնել ասելով՝ նկատի ունենք խաղաղության պայմանագրի ստորագրումն ու դրա վավերացումն, ինչպես նաև տարածաշրջանային ապաշրջափակումը»,-նշել է Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը հավելել է, որ այսօր աշխարհում շատ է խոսվում պետությունների փոխկապակցվածության մասին, ինչի համատեքստում էլ նաև կարևոր է հասնել դրան նաև Հարավային Կովկասում։
«Մեր տարածաշրջանում խաղաղությունը կարծես նորածին երեխա լինի, որի մասին պետք է հոգ տանել։ Անհրաժեշտ է նաև լինել ուշադիր, քանի որ երբեմն երբ դու զգույշ չես լինում, ինչ-որ բացասական բան կարող է տեղի ունենալ, այնպես որ, մենք պետք է շատ զգույշ լինենք՝ շարունակելով առաջ մղել խաղաղության գործընթացն ու ինստիտուցիոնալացնել դա երկարաժամկետ դարձնելու համար»,-շեշտել է ԱԽ քարտուղարը։