
Երբ 2026-ին հայ հանրությունը քննարկում է 1995, 1999 կամ 2008 թվերի իրադարձությունները, ոչ թե կենտրոնանում է գործող իշխանությունների վարած քաղաքականության վրա, դա կարող է մի քանի պատճառ ունենալ։ Մեկը թերեւս այն է, որ մեր հասարակությունը բազմաթիվ հարցեր ունի չպարզած, որոնք տարիներ առաջ պետք է պարզեր, բայց, ինչպես ասում են, պահը բաց է թողել եւ հիմա կրկին հետ է վերադառնում, որ գտնի այդ հարցերի պատասխանները, ճանաչի ինքն իրեն, հասկանա իր դժբախտությունների պատճառներն ու բացահայտի մեղավորներին։
Երկրորդ պատճառն այն է, որ այսօրվա աղետներն այնքան մեծ են ու անցյալի դժբախտություններին գերազանցող, որ այս խորամանկ իշխանությունը թույլ չի տալիս, որ հանրությունը կենտրոնանա օրվա իրադարձությունների վրա։ Տարբեր մանիպուլյացիաներով հանրությանը վերադարձնում է անցյալ, ուռճացնում անցյալի սխալներն ու հանցանքները, որ արդարացնի իր արածը։ Տպավորություն ստեղծի, թե առաջ ավելի վատ էր, քան՝ հիմա։ Եվ դա մասամբ նրան հաջողվում է։ Կան նաեւ այլ բացատրություններ, թե ինչու է մեր հասարակությունը շարունակ ետ նայում։ Օրինակ այն, որ ներկան տխուր է, ապագան՝ անորոշ, եւ այս տագնապները հաղթահարելու համար մարդիկ փորձում են նախորդ կյանքի հիշողություններով ապրել՝ ապահովության, հանգստության զգացումը վերագտնել։ Նախկին հաղթանակների, նախկին խնդիրների քննարկումները հանգստացնում են նրանց եւ ներշնչում, որ եթե այսքան դժվարությունների ու արհավիրքների միջով անցել ենք, առջեւում սպասվող փորձություններն էլ կհաղթահարենք ու որպես ազգ, պետություն՝ կանգուն կմնանք։ Բայց կա նաեւ այլ ճշմարտություն՝ հետ նայող մարդիկ ապագա չեն կառուցում։ Ապագա կառուցելու համար պետք է այսօրվա խնդիրները լուծել, ոչ թե անցյալի գզրոցները փորփրել։