Ինչպես միլիարդատեր Սվետակովը և նրա կինը հիմնեցին նոր ընտանեկան բիզնես

Ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Ալեքսանդր Սվետակովն ու նրա կինը՝ Քսենիան հիմնել են Անտոն Ռուբինշտեյնի կենտրոնը։ Forbes-ին տված հարցազրույցում ամուսինները պատմել են ընտանեկան բացառիկ պատմության, Ռուբինշտեյնի մոռացված հանճարի, ինչպես նաև տարեկան միլիարդավոր ռուբլիների հասնող բարեգործական հսկայական ծրագրերի մասին։

Անտոն Ռուբինշտեյնը՝ Սանկտ Պետերբուրգի առաջին կոնսերվատորիայի հիմնադիրն ու Պյոտր Չայկովսկու ուսուցիչը, իր ժամանակաշրջանի ամենապահանջված երաժիշտներից էր։ Նրա ժամանակակիցները նշում էին, որ դասական երաժշտությունն այն տարիներին ընկալվում էր որպես թարմ, ակտուալ, «էստրադային» արվեստ, իսկ Ռուբինշտեյնի պաշտամունքը հիշեցնում էր ժամանակակից փոփ կամ ռոք աստղերի փառքը։ Ամերիկայում անցկացրած շրջագայությունը, որի ընթացքում նա բեմ է բարձրացել 215 անգամ, նրան դարձրեց իսկապես հարուստ մարդ, իսկ նրա դիմանկարներն ու կիսանդրիները զարդարում էին Ռուսական կայսրության համարյա բոլոր մտավորականների տները:

Քսենիա Սվետակովայի տոհմական ճյուղը սկիզբ է առնում հայտնի օպերային երգիչ Իոակիմ Տարտակովից՝ Ռուբինշտեյնի արտամուսնական որդուց։ Քսենիայի պապը՝ Գեորգի Շարոևը, հանդիսացել է Ադրբեջանում դաշնամուրային դպրոցի հիմնադիրը, իսկ նրա որդին՝ Իոակիմը (Քսենիայի պապը),  բացել է էստրադային արվեստի ամբիոնը, եղել է Ալլա Պուգաչովայի ուսուցիչն ու բեմադրել Մոսկվայի Օլիմպիադա-80-ի բացման արարողությունը։

Ալեքսանդր Սվետակովը Կենտրոնի ապագա շենքը ձեռք է բերել Մոսկվայի Մալի Իվանովսկի նրբանցքում (մոտ 550 միլիոն ռուբլիով)։ Այս թաղամասը խորապես կապված է ռուսական երաժշտության պատմության հետ․ կողքին ծնվել է Ալեքսանդր Սկրյաբինը, մոտակայքում գտնվել է Յուրգենսոնի նոտայական տպարանը, որտեղ տպագրվում էին Չայկովսկու և Ռուբինշտեյնի ստեղծագործությունները։

Կենտրոնը չի լինելու սովորական թանգարան։ Այն կդառնա մշակութային տարածք՝ կամերային համերգասրահով և բացառիկ, բազմալիք ձայնագրման ստուդիայով։

Կենտրոնի հիմնական նպատակներն են․

  • ՄԻՖԻ-ի (Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտ) մասնագետների հետ մշակվում է հատուկ սարք, որը թույլ կտա թվայնացնել 19-րդ դարի վերջի հնագույն ֆոնոգրամները՝ առանց դրանք վնասելու։ Դրանց թվում է նաև Չայկովսկու և Ռուբինշտեյնի պատմական զրույցի ձայնագրությունը։
  • Հայտնի դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսի հետ համատեղ ստեղծվում է Անտոն Ռուբինշտեյնի ակադեմիան։
  • Հոկտեմբերին «ГЭС-2»-ում տեղի կունենա փառատոն։ Ժամանակին Ռուբինշտեյնը մեկ շաբաթվա ընթացքում մենակ նվագել է 7 տարբեր ծրագիր։ Այսօր դա չի կարող անել և ոչ մի դաշնակահար, այդ պատճառով ծրագիրը կկատարեն 17 տարբեր երաժիշտներ։
  •  Պլանավորվում է Ռուբինշտեյնի կենսագրության հրատարակումը «ЖЗЛ» շարքում (հնարավոր է՝ գրող Եվգենի Վոդոլազկինի հեղինակությամբ)։

Ալեքսանդր Սվետակովը հայտնում է, որ իր ընտանիքը տարեկան մոտ 3 միլիարդ ռուբլի է հատկացնում բարեգործական ծրագրերին («Աբսոլյուտ-Պոմոշ», «Սվետ» հիմնադրամներ, կրթական նախագծեր և Ռուբինշտեյնի կենտրոն)։ Ռուբինշտեյնի կենտրոնի տարեկան բյուջեն կազմում է շուրջ 150 միլիոն ռուբլի:

Գործարարը վերահաստատել է իր նախկին որոշումը՝ կենդանության օրոք իր ողջ կարողությունը փոխանցել բարեգործությանը.

«Գլխավոր հարցը ոչ թե այն է, թե որքան փող կհաջողվի փոխանցել, այլ թե որքան արդյունավետ կարելի է դրանք տնօրինել։ Խելամիտ կերպով 3 միլիարդ ծախսելը դժվար է, իսկ 30 միլիարդը՝ ան համեմատ ավելի բարդ։ Ինձ մոտ չէ պարզապես հսկայական գումարներ բաժանելու մոտեցումը։ Տարիների ընթացքում հասկացա․ կարևոր է ստեղծել համակարգ, որը թույլ կտա փողերին աշխատել տասնամյակներ շարունակ»,- նշում է Սվետակովը։

Նրա խոսքով՝ ստեղծվելու է հատուկ հիմնադրամ՝ հաշվարկված 50 տարվա համար։ Ապագայում համակարգի օպերատիվ կառավարումը հանձնվելու է պրոֆեսիոնալ թիմին, իսկ ընտանիքը մասնակցելու է խորհրդի աշխատանքներին։

Սվետակովն ընդգծում է, որ Ռուբինշտեյնի անունն արտասահմանում այսօր ավելի լավ գիտեն, քան Ռուսաստանում, ուստի նպատակ ունեն մինչև 2029 թվականը (կոմպոզիտորի 200-ամյակը) Կենտրոնը դուրս բերել նաև միջազգային ասպարեզ։ Ծրագրերում կան նաև Պետերգոֆում Ռուբինշտեյնի անվան փառատոնի վերականգնումը և միջազգային նախագծեր Բրազիլիայում ու այլ երկրներում։

«Ես երբեք բարեգործությունը չեմ ընկալել որպես գործիք՝ հեղինակությունն ամրապնդելու կամ բիզնես հարցեր լուծելու համար։ Դա միշտ եղել է իմ անձնական ընտրությունը։ Պարզապես ինձ համար դա իսկապես կարևոր է»,- եզրափակում է Ալեքսանդր Սվետակովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *