Վրաստանում Իրանի դեսպան Ալի Մոջանին կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն՝ կապված սոցիալական ցանցերում նրա տարածած հայտարարությունների հետ։
Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվտիսիաշվիլին Իրանի դեսպանին պարզաբանել է, որ սոցիալական ցանցերում նրա տարածած հայտարարությունները դուրս են դիվանագիտական գործունեության շրջանակներից։
Փոխնախարարի խոսքով՝ նման հայտարարությունները բացասաբար են անդրադառնում հասարակական տրամադրությունների վրա։ Նա հույս է հայտնել, որ իրանական կողմը համապատասխան միջոցներ կձեռնարկի, և նման դեպքեր այլևս չեն կրկնվի, որպեսզի վրացական կողմի համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չառաջանա։
Խվտիսիաշվիլին Իրանի դեսպանին պարզաբանել է, որ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները պետք է իրենց գործունեությունն իրականացնեն դիվանագիտական մանդատի և իրավասությունների շրջանակում, պահպանեն դիվանագիտական հարաբերությունների սահմանված նորմերը և զերծ մնան հյուրընկալող երկրի պատմության ու ներքին հարցերի մեկնաբանությունից։
«Գրուզիա Օնլայնը» հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Վրաստանում Իրանի դեսպանը սոցիալական ցանցում գրել էր, որ մոտ ապագայում ընթերցողների հետ կկիսվի իր կատարած նախնական ուսումնասիրության արդյունքներով, որը վերաբերում է «ինչպես թագուհի Քեթևանին, այնպես էլ Իրանում և Վրաստանում պահվող փաստաթղթերին ու պատմական աղբյուրներին»։