
Բրիտանական այս մինի սերիալը, որ էկրան է բարձրացել 2021-ին, բացահայտում է բարձրաշխարհիկ հասարակության՝ էլիտաների կյանքի գաղտնիքները։ Սերիալի ռեժիսորն է Աննա Սեւիցկին։ Հանդես են եկել Քլեր Ֆոյը, Փոլ Բեթանին, Օլուեն Մեյը, Ալբերտին Քոթինգ Մաքմիլանը, Ջուլիա Դեւիսը եւ այլ դերասաններ։ Սա 1960-ականներին բրիտանական հասարակությանը ցնցած ամուսնալուծության պատմության էկրանավորումն է, որտեղ առկա են սոցիալական դրամա, գենդերային անհավասարություն, հանրային բարոյականություն եւ պայմանականություններ։ Պատումի կենտրոնում Արգայլի դքսի եւ դքսուհու ամուսնալուծությունն է։ Նրանք ամուսնացել էին 1951 թվականին՝ բրիտանական արիստոկրատիային հատուկ շքեղությամբ, սակայն բաժանվեցին աննախադեպ աղմուկ հանած սկանդալային ապահարզանով։ Արգայլի դքսի հետ ամուսնությունը Մարգարետի երկրորդ ամուսնությունն էր։ Մարգարետը հարուստ էր, երիտասարդ, գեղեցիկ, իր կողմն էր գրավում շատերին։
Թվում էր, թե դա իդեալական ամուսնություն է, սակայն արտաքին գեղեցիկ քողի տակ շատ կոնֆլիկտներ, փոխադարձ անվստահություն եւ լիդերության պայքար կար։ 1963-ին տեղի ունեցած ամուսնալուծությունը հանրային ռեզոնանս ստացավ։ Ամուսնական անհավատարմության մեղադրանքներ, ինտիմ նյութերի հրապարակում՝ դքսուհուն վարկաբեկելու համար։ Դատաքննությունը դարձավ իրական հանրային շոու, որտեղ կնոջ մասնավոր կյանքը բոլոր մանրամասներով դրվեց քննարկման։ Մի բան, որ այն ժամանակ հազվադեպ էր։ Սերիալը ներկայացնում է ժամանակի հանրային մտայնությունները, հիերարխիան, խաղի ճիշտ ու սխալ կանոնները, վարքագիծը՝ թե՛ դրվատանքի, թե՛ պարսավանքի արժանի։