«Flydubai»-ը դադարեցրել է թռիչքները դեպի Իսրայել


Աշխարհ


«Flydubai» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ: Որոշումը կայացվել է սեպտեմբերի 30-ին Դուբայ-Թել Ավիվ չվերթն իրականացնող օդանավում տեղի ունեցած արտակարգ պատահարի հանգամանքները հիմնավորապես հետաքննելու նպատակով։

Իսրայելի իշխանությունները՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, չեն բացառում սեպտեմբերի 11-ի սցենարով ջիհադական ահաբեկչության փորձի վարկածը։ Թռիչքների դադարեցումը ժամանակավոր բնույթ է կրում. «Flydubai»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ որոշումը կվերանայվի ավիացիոն ոլորտը կարգավորող մարմինների հետ համատեղ։

Ավիաընկերությունը պարտավորվել է չեղարկված չվերթների ուղևորներին առաջարկել թռիչքների այլընտրանքային տարբերակներ կամ ամբողջությամբ փոխհատուցել տոմսերի արժեքը։

Սաուդյան Արաբիայի օդային տարածքում FZ 1073 չվերթի երկրորդ օդաչուն (Օմանի քաղաքացի) դանակով հարձակվել էր օդանավի հրամանատարի վրա։ Միջադեպի հետևանքով ինքնաթիռը ընդամենը երկու րոպեում կորցրել էր շուրջ 5 կիլոմետր բարձրություն։

Անձնակազմին հաջողվել էր հաղորդել տագնապի ազդանշաններ, ինչից հետո Իսրայելը կործանիչներ էր օդ բարձրացրել։ Ուղևորների և բորտուղեկցորդների ջանքերով հարձակվողը վնասազերծվել էր, իսկ օդանավի կառավարումն ստանձնել էին նույն չվերթով որպես ուղևոր թռչող երկու այլ օդաչուներ։ Օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուկ օդանավակայանում. 174 ուղևորներից ոչ ոք չի տուժել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *