Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ


Աշխարհ


Պակիստանի օդային հարվածների հետևանքով Աֆղանստանում առնվազն 9 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ վիրավորվել, հոկտեմբերի 1-ին X սոցիալական հարթակում հայտնել է Թալիբան շարժման ձևավորած կառավարության խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը։

Պակիստանյան կործանիչները ռմբակոծել են սահմանամերձ Կունար և Հիլմենդ նահանգները։ Աֆղանական կողմի փոխանցմամբ՝ թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, իսկ մեկ երեխա համարվում է անհետ կորած։ Օդային հարձակման հետևանքով նաև երեք տուն հավասարվել է հողին։

Այս հարձակումը երկու հարևան երկրների միջև վերջին շրջանում սրված հակամարտության հերթական բռնկումն է։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 24-ին, Պակիստանի զինված ուժերը հարվածել էին Աֆղանստանի հարավում գտնվող Կանդահար քաղաքին։

Դրան նախորդել էր սեպտեմբերի 18-ի արյունալի միջադեպը, երբ Պակիստանի Կոհատ քաղաքում մահապարտ ահաբեկիչը հարձակվել էր ոստիկանական համալիրի տարածքում գտնվող մզկիթի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 31 մարդ։ Այդ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան» (TTP) խմբավորման ստորաբաժանումներից մեկը։ Իսլամաբադի պնդմամբ՝ խմբավորումն ազատորեն գործում է Աֆղանստանի տարածքից, սակայն Քաբուլը կտրականապես հերքում է այս մեղադրանքները։

Ի պատասխան պակիստանյան գործողությունների՝ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր պակիստանյան ռազմակայաններին հասցված հակահարվածների մասին, իսկ երկրի ԱԳՆ-ն կանչել էր Պակիստանի դեսպանորդին՝ պաշտոնական բողոք հայտնելու համար։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *