
Արման Եղոյանը գլխավորելու է Եկեղեցու «ճգնաժամը» քննող ԱԺ քննիչ հանձնաժողովը։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե որքանով է պետության գործը Եկեղեցու ներքին խնդիրները քննելը։ Ավելի պարզ հարց տանք՝ եթե իշխանությունն այդքան մտահոգված է ճգնաժամերով, ինչո՞ւ չի սկսում պետական համակարգից։
Հայաստանում կա՞ պետական կառույց, որի աշխատանքից քաղաքացին լիովին գոհ է։ Կա՞ ոլորտ, որտեղ իշխանությունը կարող է ձեռքը դնել սրտին ու ասել՝ այստեղ ճգնաժամ չկա։
ՀՀ քաղաքացին իրեն անվտանգ չի զգում։ Սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը հասնում է Հայաստանի բնակավայր, մտնում քաղաքացու տուն և կրակում։ Սա անվտանգային ճգնաժամ չէ՞։ Բանակում ինքնասպանություններ, հանկարծակի մահեր են։ Ճգնաժա՞մ է, թե՞ չէ։
Գյուղացիների արտադրանքի իրացման ու արտահանման լրջագույն խնդիրներ կան, Սա տնտեսական ճգնաժամի խնդիր չէ՞։
Պետական համակարգի բազմաթիվ, կարելի է ասել՝ գրեթե բոլոր ոլորտներում խնդիրներ են կուտակվել։ Եվ դրանցից յուրաքանչյուրն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի քաղաքացու կյանքին։ Սա ճգնաժամ է, թե՞ չէ։
Բայց իշխանությունը սևեռված է միայն Եկեղեցու վրա։ Այն Եկեղեցու, որը, Սահմանադրության համաձայն, անջատ է պետությունից։
Ու այստեղ ամենակարևոր հարցը․ Եկեղեցու ո՞ր ճգնաժամն է փորձում լուծել իշխանությունը։ Որտե՞ղ է այդ ճգնաժամի հանրային պահանջը։ Ո՞վ է պահանջել պետական իշխանությունից զբաղվել Եկեղեցու ներքին կյանքով։
Հասարակության առջև դրված բազմաթիվ խնդիրներն են քաղաքացու իրական պահանջը։ Անվտանգություն, սահմանների պաշտպանություն, սոցիալական խնդիրներ, տնտեսական հնարավորություններ։
Իսկ Եկեղեցու «ճգնաժամը» հասարակության կողմից իշխանության առաջ դրված պահանջ չէ։ Այն օրակարգ է, որը իշխանությունն ինքն է առաջ մղում։
Եվ այստեղ արդեն հարցը միայն այն չէ՝ Եկեղեցում խնդիրներ կա՞ն, թե՞ չկան։ Հարցն այն է՝ ինչո՞ւ է իշխանությունը պետական ռեսուրսով հետևողականորեն զբաղվում Եկեղեցով, երբ պետության սեփական խնդիրները շարունակում են մնալ չլուծված։
Ավելին՝ ինչո՞ւ է փորձում ոչ թե պաշտպանել պետություն–Եկեղեցի սահմանադրական տարանջատումը, այլ միջամտում Եկեղեցու ներքին կյանքին և փորձում կազմաքանդել նրա ինստիտուցիոնալ դերակատարումը։ Եթե իշխանությունն այդքան մտահոգ է ճգնաժամերով, թող սկսի իր ղեկավարած պետական համակարգից։ Որովհետև քաղաքացին առաջին հերթին պետությունից է սպասում անվտանգություն, պաշտպանություն և իր խնդիրների լուծում։
Ոչ թե Եկեղեցին է ճգնաժամի մեջ։ Պետությունն է ճգնաժամի մեջ։
Եվ եթե իշխանությունն իսկապես ուզում է ճգնաժամ հաղթահարել, գուցե Եկեղեցու «ճգնաժամը» փնտրելուց առաջ զբաղվի այն ճգնաժամերով, որոնք քաղաքացին ամեն օր իր մաշկի վրա է զգում։
Թե՞ իրական խնդիրն այն է, որ Եկեղեցին միակ կառույցն է, որը ճգնաժամի մեջ չէ, իսկ իշխանությանը շատ է պետք՝ ստեղծել այդ ճգնաժամը։