
Ինչո՞ւ փակել Ֆեյսբուքը, եթե կարելի է փակել անհնազանդ օգտատերերին: Ֆեյսբուքը փակում ես՝ ամբողջ աշխարհն իմանում է, «շուխուր դնում», թե բա՝ այսպես ու այսպես, Հայաստանում իշխանությունները փակել են Ֆեյսբուքը… ԵԽԽՎ-ում էլ իմանում են այդ մասին, ու սկսվում է՝ է՛լ Նիկոլի լեգիտիմությունն են հարցականի տակ դնում, է՛լ ՔՊ-ի ժողովրդավարությունը, է՛լ հայ ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին: Ասում են՝ դուք այդ ի՞նչ ժողովուրդ եք, Ֆեյսբուքը փակել են, իսկ դուք բունտ չեք անում: Մի պահ պատկերացրեք՝ Ֆրանսիայում կամ Գերմանիայում Ֆեյսբուքը փակեն… Տեղում իշխանափոխություն կլինի: Ահա եւ ՀՀ ամենահաս իշխանությունները որոշել են Ֆեյսբուքի հարցերը հայկական ձեւով լուծել… Բռնոտում են սոցցանցի ակտիվ օգտատերերին, լռեցնում, ջնջել տալիս դեռ անհիշելի ժամանակներում արած նրանց գրառումները: Եվ, որպեսզի Ֆեյսբուքի ադմինիստրացիան գլխի չընկնի, թե ինչ է կատարվում իրենց կայքի հայաստանյան սեգմենտում, Նիկոլի հանձնակատարներն օգտատիրոջից պահանջում են սուսուփուս մտնել սեփական էջն ու սեփական ձեռքով, առանց ավելորդ աղմուկի, ջնջել գործող վարչապետի, նրա կառավարության եւ մանրումիջին չինովնիկների համար անցանկալի գրառումները: Գրառումը ջնջվում է, գրառման հետ՝ նաեւ Ֆեյսբուքի պատմության մի փոքրիկ կտոր, մի դրվագ, մի թեմա: Ամենաշատն էլ, թերեւս, տուժում են ոչ թե օգտատերերը, այլ՝ ֆեյսբուքյան «հերոսների» կերպարները: Դիցուք՝ Փաշինյանի ֆեյսբուքյան կերպարը շատ է աղքատանում, երբ ջնջվում են նրան «բնորոշող» կատաղի գրառումները: Դրանից Փաշինյանը դառնում է «ճերմակ ղուշ», այսինքն՝ խաղաղության աղավնի, ինչը չի համապատասխանում նրա էությանը: Ստացվում է կեղծ Փաշինյան, կեղծ Նիկոլ… Անհամոզիչ մի բան:
Ասել, որ ՖԲ հայ օգտատերերն ընդհանրապես չեն նեղվում իշխանությունների այս բռնարարքներից, ճիշտ չի լինի: Պատահում է, որ նույնիսկ բողոքում են, բայց՝ հատուկենտ մարդիկ: Հասարակությունը հիմնականում այդ ամենին հետեւում է աչքերը չռած եւ լուռ… Արա՜ա՜ա՜, բա չիմացաք, էն Վահրամ Սահակյանին (Արամայիս Սահակյանի տղուն) բռնել են ՖԲ գրառումների համար: Այսքանով էլ կսահմանափակվեին երեւի, եթե մամուլն ու կայքերը չաղմկեին, չդատապարտեին տեղի ունեցածը, դա չորակեին որպես հանրային գործչին լռեցնելու բիրտ քայլ: Թվում էր՝ թերթերի աղմուկին կարձագանքեր ՖԲ ադմինիստրացիան, բայց դա էլ տեղի չունեցավ, որովհետեւ Ֆեյսբուքը չէին անջատել, այլ ընդամենը ոտնահարել էին ֆեյսբուքյան օգտատիրոջ ազատ խոսքի իրավունքը:
Իսկ հիմա թող ձեռք բարձրացնեն ֆեյսբուքյան այն օգտատերերը, որ առիթ չեն ունեցել իրենց տուն ժամանած ոստիկանների թելադրանքով ջնջել այս կամ այն գրառումը, որ երբեւէ արել են իրենց էջում: Կա՞ն այդպիսիք: Ինչ էլ շատ եք… Դա նշանակում է, որ դուք «օրինակելի» օգտատերեր եք, քաղաքականությամբ չեք զբաղվում կամ էլ սոցիալական ցանցում (երում) հիմնականում նրբուտեստների բաղադրատոմսեր եք քննարկում: Ձեր կատեգորիայի մարդիկ համարվում են անշառ, իներտ, անտարբեր… Դուք իսկական գտածո եք այս իշխանությունների համար: Իշխանությունների մանրադիտակի տակ հիմնականում այն օգտատերերն են, որ զբաղվում են քաղաքականությամբ, քաղաքական հարցեր են քննարկում, քաղաքական կարծիք հայտնում, քննադատում իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությունը (արտաքին, ներքին, տիեզերական եւ այլն): Վարչապետ Փաշինյանը մի ողջ «կանտորա» ունի, որ խնամքով ժողովում է այս կարգի բոլոր գրառումները, տեսակավորում, ճշտում դրանց հեղինակների հասցեները եւ ոստիկանությանը հրահանգում՝ «ճարել» օգտատիրոջը, բացատրական աշխատանք տանել նրա հետ, ջնջել տալ գրառումը… Իսկ մինչ այդ, «կանտորան» ինքն է զբաղվում տվյալ օգտատիրոջ հարցով: Ֆեյք պրոֆիլներով մտնում են գրառման մեկնաբանությունների բաժին, հայհոյում, գրգռում օգտատիրոջը, զզվեցնում այնքան, որ նա ժամանակավորապես փակի իր էջն ու թռնի այդ գժանոցից:
Օգտատիրոջ բախտը բերում է, երբ իրեն տառաճանաչ ոստիկաններ են այցելում: Նրանց հետ կարող ես քննարկել քո գրառումը, բացատրել, որ այնտեղ հայհոյանք ու վիրավորանք չկա, եւ չարժե այն հեռացնել: Ինձ այդպիսի մի ոստիկան, երկար քննարկումներից հետո, առաջարկեց գրառումը չհանել, բայց մի թեթեւ խմբագրել տեքստը: Պատկերացրեք՝ համաձայնեցի եւ նույնիսկ գովեցի նրա ճաշակը: Մենք, համատեղ ուժերով, տեքստում առերեւույթ առկա «իդիոտ» բառը փոխարինեցինք «ապուշ»-ով, եւ ամեն ինչ ընկավ տեղը: Բայց Աստված չանի, որ ընկնեք ձեզ լսել եւ հասկանալ չցանկացող ոստիկանի ձեռքը: Գրառումներիդ «սքրինները» թափահարելով գլխից վեր՝ մի հանգի գոռում է՝ սրանք քո ձեռքով չես գրե՞լ, դե ջնջի, թե չէ կտանեմ բաժին:
– Ախր, պարոն ոստիկան…
– Ոչ մի պարոն ոստիկան… Էս խաղաղ ժամանակներում պատերազմի կոչեր ես անում, ատելության խոսք ես տարածում, ազգային խտրականություն քարոզում…
– Պարոն ոստիկան, ես ընդամենը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու կոչերն եմ քննարկել, իմ գնահատականը տվել դրանց:
– Ջնջի, ասում եմ, թե չէ կտանեմ բաժին, զոռով ջնջել կտանք…
– Յա՜ա՜ա՜…
– Ի՞նչ…
– Ոչինչ, բա ժողովրդավարությունը, բա ազատ խոսքը, բա սեփական կարծիքը…
– Ինձ ոչինչ չի հետաքրքրում, ահա թուղթը՝ գնալ, ջնջել տալ գրառումը, իսկ եթե «դիմադրի», բերել բաժին:
Դե, իսկ բաժնում փլավ չեն բաժանում անհնազանդ օգտատերերին: Ինչպես ասում են՝ օգտատեր լինի՝ միշտ էլ գործ կճարվի, որ կարեն: Տնային կալանք, բացակայելու արգելք, գրառումների, լայվերի, լուսանկարների հրապարակման սահմանափակում, անգամ՝ բանկային հաշիվների արգելափակում… Ահա՝ ոչ լրիվ ցանկն այն նեղությունների, որ քեզ կպատճառեն բաժնում: Ասում ես՝ ավելի լավ է ջնջեմ այս մի գրառումը, բայց հեռու մնամ ավելորդ գլխացավանքից: Երկու կոճակ է՝ սեղմում եմ, ջնջում, ոստիկանը հեռանում է, բայց նրա ստվերը մնում է տանը: Գիտեմ՝ չորս աչքով են հետեւում իմ բոլոր քայլերին, գրառումներին, հրապարակային խոսքին: Դե եկ ու այս զգացումներով շարունակիր նոր գրառումներ անել ու քննադատել իշխանություններին:
ՀԳ. Մեր հարեւան Շմավոնը նկատել էր, որ մի տեսակ անտրամադիր եմ: Ի՞նչ է եղել, հարցրեց, էլ առաջվա նման սուր բաներ չես գրում: Պատմեցի գլխովս անցածը։ Ծիծաղեց.
– Համբերիր, քիչ մնաց, սրանք շուտով կչվեն… Չե՞ս տեսնում՝ ուր են հասել: Արդեն սկսել են իրենք իրենց ճանաչել ու վախենալ իրենց իրական կերպարից: