
GPT-6 Astra-ն վերծանել է Նապոլեոն Բոնապարտի կողմից պատրաստված գաղտնագրված նամակը վեց ժամում։ Նամակի բովանդակությունը անհայտ էր արդեն 217 տարի։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ Նամակը ուղարկվել է Նապոլեոն Բոնապարտի հանձնարարությամբ նրա որդեգիր Էժենի կողմից գեներալ Օգյուսթ դե Մարմոնին 1809 թվականին։ Նամակում տվյալներ են պարունակվում ֆրանսիական եւ ավստրիական զորքերի տեղաշարժի մասին՝ Ֆրանսիայի եւ Հաբսբուրգների արքայատան Ավստրիական կայսրության դիմակայությունից առաջ։ Վերծանմամբ զբաղվել է ԱԲ տեխնոլոգիաների մշակմամբ եւ զարգացմամբ զբաղվող SentinelOne ԱԲ տեխնոլոգիաների ինժեներ Քարթեր Չերչը։
Մասնագետն ասել է, որ GPT-6 Astra-ին վեց ժամ է պահանջել՝ ճանաչելու համար մոտ 1300 սիմվոլները եւ համադրելու դրանք արդեն հայտնի գաղտնագրային սիմվոլիկայի եւ դրանց իմաստային եւ նշանակության համարժեքների հետ։ Կիրառվել է հատուկ մեթոդ, որով տարբեր վարիանտներ են կազմվել բառերի եւ հասկացությունների համակցությունների՝ համեմատական համադրություն կատարելով Մարմոնի այլ տեքստերի հետ։ Նամակում ասված է, որ գեներալը պետք է պատրաստվի ռազմարշավի եւ չվախենա մի քանի ջոկատներից կամ իրար գլուխ հավաքված խառնամբոխից։ Նամակում ասված է նաեւ, որ Ավստրիան հարձակման կենթարկվի բոլոր կողմերից։ Ավելի ուշ, ինչպես հայտնի է պատմությունից, Մարմոնի բանակը կարողացել է դուրս գալ Խորվաթիայից եւ միանալ Նապոլեոնի ուժերին, որոնք ջախջախել են Ավստրիային Վագրամի ճակատամարտում։ Դրանից հետո Մարմոնը ստացել է մարշալի կոչում։