Ուկրաինան կուժեղացնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, սակայն թիրախ չի դարձնի խաղաղ բնակիչներին․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters-ի հետ զրույցում հայտարարել է, որ ի պատասխան օդային հարվածների միջոցով մարդկանց Կիևից և այլ քաղաքներից հեռանալ հարկադրելու Մոսկվայի նոր քաղաքականության՝ Ուկրաինան կուժեղացնի ռուսական նավթավերամշակման գործարաններին ուղղված հարձակումները, սակայն թիրախ չի դարձնի խաղաղ բնակիչներին։

Զելենսկիի խոսքով՝ քաղաքականության այս փոփոխության հիմքում Պուտինի՝ ուժեղ երևալու ձգտումն է այն ժամանակահատվածում, երբ «նրա բանակը դիրքեր է կորցնում ռազմաճակատի առանցքային հատվածում և մեծ կորուստներ կրում»։

Օտարերկրյա քաղաքացիներին Կիևից հեռանալու կոչ անող հայտարարության մեջ Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Մոսկվան շարունակելու է համակարգված կերպով հարվածել թիրախներին՝ որպես վերջին ամիսներին Ռուսաստանի վրա ուկրաինական հարձակումների պատասխան գործողություններ։

Երկու կողմն էլ հերքում է խաղաղ բնակիչներին միտումնավոր թիրախավորելու փաստը։ Զելենսկին հայտնել է, որ «Վիվալդի» ծածկանունը կրող ուկրաինական հաջող հակահարձակման արդյունքում «վերադարձվել է Ուկրաինայի արևելյան Դոնբասի տարածաշրջանի մոտ 140 քառակուսի կիլոմետրը, և գործողությունը շարունակվում է»։

Ռուսաստանը հայտարարել է, որ Դոնբասի ամբողջական վերահսկողությունը խաղաղության ցանկացած համաձայնագրի նախապայման է։

«Մենք պետք է արձագանքենք ցանկացած հնարավոր եղանակով։ Եթե նրանք հարձակվում են մեր էներգետիկ համակարգի վրա, մենք պետք է պատասխանենք նրանց էներգետիկ համակարգին հարվածելով, նախևառաջ՝ նավթավերամշակման գործարաններին և այն ամենին, ինչը նրանց գումար է ապահովում այս պատերազմի համար», – անգլերեն ասել է Զելենսկին։

Նա հայտարարել է, որ սիրով կհանդիպի Պուտինի հետ խաղաղ բանակցությունների համար G20-ի շրջանակում, սակայն զգուշացրել է ԱՄՆ-ին՝ չհավատալ այն «պատրանքներին», թե Ռուսաստանը պարզապես կդադարեցնի ռազմական գործողությունները, եթե վերահսկողություն հաստատի Դոնբասի նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *