
Սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության հարցում, փաստորեն, նոր ռազմական դոկտրին ունենք։ Այդ մասին Հրապարակ-ին տեղեկացրել է Շաքիի հարևան գյուղի՝ Անգեղակոթի վարչական ղեկավար Արմենակ Մարկոսյանը։ Մոտ օրերս հավանաբար նրան գեներալի կոչում կտան։ Առնվազն գեներալ-շնաբուծի։ Ռազմական դոկտրինը պարզ է․ առաջին փուլ՝ շուն պահել։ Եթե շանը կրակեցին՝ երկրորդ փուլ՝ մեծ շուն պահել։ Եթե մեծ շանն էլ կրակեցին՝ անցնում ենք ծանր հրետանու՝ կոկորդիլոսի։
Կոկորդիլոսը, իհարկե, պարտադիր չէ տանը պահել։ Կարելի է համայնքի մուտքի մոտ դնել։ Թշնամին մոտենում է, կոկորդիլոսը կուլ է տալիս, և հարցը փակվում է։
Նման կադրերով ու «ռազմագետներով է» Նիկոլ Փաշինյանն իրեն շրջապատել։ Երկրի անվտանգությունը դարձել է բակում կապած շան մակարդակի։ Մեր բնակավայրերի պաշտպանությունը հասել է «շուն պահեք, որ հաչա կամ կծի» ռազմավարությանը։ Ահագին հաստիքներ կարելի է կրճատել։ ՊՆ-ն էլ ինչի՞ համար է։ Կարելի է փակել ու անասնաբուծության նախարարություն բացել, որ շներ բազմացնեն, կոկորդիլոսագետ էլ ունենք, ձվերից թռչող կոկորդիլոսներ փետրավորեն։
Մնում է միայն մի հարց՝ եթե սահմանամերձ գյուղի վարչական ղեկավարին թվում է, թե Շաքին սահմանամերձ գյուղ է, ապա գուցե առաջին հերթին ոչ թե բնակիչներին շուն բաժանի, այլ համայնքապետարաններին՝ քարտեզ որ իմանան՝ Շաքին սահմանամերձ բնակավայր չի։ Եթե սահմանամերձ չի, էլ ի՞նչ շուն։ Մի ուրիշ բան արձանագրենք։ Թշնամին արդեն ոչ սահմանամերձ տարածքներն է հատում։ Քարտեզ բաժանեք բնակիչներին։ Կամ էլ Փաշինյանի դոշին խփած քարտեզում գյուղերի անվանումների նշումներն արեք, որ գոնե մարդ իմանա՝ ո՞րն է սահմանամերձ գյուղ, ո՞րը ոչ սահմանամերձ։ Էդ փոքր քարտեզով ի՞նչ հասկանանք։ Նախկինում գրատախտակի չափ քարտեզ էին կախում, ցուցափայտով ցույց տալիս, թե որ գյուղ որտեղ է․․․ Ճիշտ է, քարտեզը չի հաչում, բայց մի կարևոր առավելություն ունի՝ ցույց է տալիս, թե որտեղ է սահմանը։ Շաքիին կպած բնակավայրի համայնքապետը կիմանա, որ Շաքին սահմանամերձ չէ։ Եթե սահմանամերձ չէ ու թիրախավորվում է, ուրեմն պիտի ընդունել, որ ողջ Հայաստանը սահմանամերձ է։