Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում զոհվել է լրագրող Ամալ Խալիլը, իսկ նրա գործընկեր Զեյնաբ Ֆարաջը վիրավորվել է, հայտնում է լիբանանյան Al-Akhbar լրատվական կայքը: Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Բինթ Ջբեյլ շրջանում։
Հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական ուժերը հետապնդել են Խալիլին և Ֆարաջին, որոնք առաջին ավիահարվածից ապաստան էին գտել մոտակա տներից մեկում, սակայն այդ տունը ևս հայտնվել է իսրայելական ուժերի թիրախում։
Չնայած 10-օրյա հրադադարին՝ իսրայելական ուժերը շարունակում են հարձակումներ իրականացնել Լիբանանի վրա։
Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ մարտի սկզբից՝ պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2454 մարդ։
Ապրիլի 14-ին Միացյալ Նահանգներում տեղի էին ունեցել Իսրայելի և Լիբանանի միջև 43 տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները։ Երկու կողմերը ներկայացված էին դեսպանների մակարդակով։
Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է Վաշինգտոնում ապրիլի 23-ին։