
Համացանցային լրահոսում նկատեցի ՀՀ ԱԳՄԱ նախարարության խոսնակի թույլ տված «կիքսը»՝ կապված Իրանի հին կամ միապետական՝ նախքան 1979 թվականի Իսլամական հեղափոխության շրջանի դրոշի, պաշտոնական հաղորդագրությունում կիրառելու դեպքի մասին։ Խոսնակին չեմ ճանաչում։ Գիտեմ միայն, որ Անկախության օրվա առիթով կարծես թե ստացել է դիվանագիտական կոչում։ Անկեղծ ասած՝ ոչ զարմացած եմ, ոչ էլ զայրացած։ Հայաստանի ներկա իշխող քաղաքական մեծամասնության դեպքում՝ լրիվ նորմալ է, որ նման «կիքսի» հեղինակը կարող է ստանալ դեսպանորդի դիվանագիտական աստիճան։ «Ծուռ հայելիների» սենյակի վերածված հայաստանյան իրականությունում պատահում է՝ ինչ խոսք։ Ասեմ ավելին․ էլի լավ է, որ Փեհլեւիների ժամանակների կամ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից առաջ եղած իրանական դրոշն է կիրառել։ Կարող էր, օրինակ, կիրառել Աքեմենյանների կամ Սասանյանների դրոշը։ Պարթեւ Արշակունիների դրոշը դժվար թե դնեին։ Չէ որ Հայոց եկեղեցու առաջին պաշտոնական կաթողիկոս Գրիգոր 1-ին Լուսավորիչը Պարթեւ Արշակունի Անակի որդին էր, իսկ Հայ եկեղեցին հիմա Հայաստանի ղեկավարության համար «թրենդային» չէ։ Իսկ եթե, օրինակ, Սեֆյանների դրոշը դներ, գուցե միանգամից արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում էլ տային։ Չէ որ Ալիեւների Ադրբեջանում համարում են, որ Սեֆյաններն ու «ղզլբաշները» իրենց հետ անմիջականորեն կապված են եւ որոշակի հավակնություն ունեն իրանական «Սեֆյանների կամ ղզլբաշների ժառանգության հանդեպ»։