
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ուղերձ է հղել Բաքվի երկխոսության շրջանակներում անհետ կորած անձանց հարցերով 4-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին, փոխանցում են տեղի լրատվամիջոցները։ Նրա խոսքով, «անհետ կորած անձանց հարցը զինված հակամարտությունների ամենածանր հետևանքներից մեկն է, և որ Ադրբեջանն այս հարցին մոտենում է որպես համընդհանուր մարդասիրական խնդիր, որը ազդում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում մարդկանց կյանքի վրա»։
Իր ուղերձում Ալիևը հիշատակել է նաև Վաշինգտոնում՝ Հայաստանի հետ ստորագրված հռչակագիրը՝ նշելով, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և համագործակցության համար պատմական հնարավորությունն է ստեղծվել․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրումը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, նախագահի մասնակցությամբ։ Միացյալ Նահանգների կողմից կնքված համաձայնագիրը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլեր էին այս ուղղությամբ»։
Ադբրեջանի ղեկավարի պնդմամբ, «երկարատև խաղաղության հաստատումը, քաղաքական համաձայնագրերի հետ մեկտեղ, պահանջում է վստահության կառուցում և հակամարտության մարդասիրական հետևանքների լուծում։ Անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը այս գործընթացի անբաժանելի մասն է և մեր բարոյական պատասխանատվությունը նրանց ընտանիքների առջև»։
Այս համատեքստում նա կրկին անհեթեթ մեղադրանքներ է հասցեագրել հայկական կողմին, ինչպես նաև պահանջներ ներկայացրել․
«Անհետ կորած անձանց որոնման արդյունավետությունը ուղղակիորեն կախված է ճշգրիտ տեղեկատվություն ստանալուց։ Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական գերեզմանների գտնվելու վայրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը և ստեղծի պայմաններ համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար։ Սա կլինի իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն, ինչպես նաև խաղաղության նկատմամբ նվիրվածության գործնական դրսևորում և փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված ներդրում»։