Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ապացուցել է, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման առանցքային մեխանիզմներից է․ այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում կազմակերպությունը, որն այսօր միավորում է 6 երկիր՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան, մեծ ճանապարհ է անցել և իրեն դրսևորել որպես տարածաշրջանային անվտանգության ապահովման առանցքային մեխանիզմներից մեկը։ ՀԱՊԿ-ը համակարգված կերպով լուծում է ճգնաժամերի կանխարգելման և լուծման, կայունության համար բազմակողմանի մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի, կազմակերպության հավաքական ուժերի մարտական պատրաստվածության մշտական բարձրացման և արտաքին քաղաքականության ինտենսիվ համակարգման պահպանման մարտահրավերները», – ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Ըստ հայտարարության՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ փոխգործակցության հետագա ամրապնդումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ հոկտեմբերի 7-ին լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության ստորագրման 24-ամյակը, որով ամրագրվել է ՀԱՊԿ-ի հիմնադրումը որպես միջազգային տարածաշրջանային միավորում։
«Փաստաթղթում նշված նպատակները, այդ թվում՝ խաղաղության և կայունության ամրապնդումը, ինչպես նաև անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համատեղ պաշտպանությունը, փոխշահավետ, իսկապես դաշնակցային համագործակցության զարգացման հիմքն են», – նշվել է հայտարարությունում։